News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մոտ 160 մլն ընտրող Հնդկաստանի 11 նահանգներում եւ մեկ միութենական տարածքում հինգշաբթի մասնակցելու է համընդհանուր խորհրդարանական ընտրություններին։ Ընտրատեղամասերը բացվել են 07.00-ին Ասամ, Բիհար, Ջամու եւ Քաշմիր, Արեւմտյան Բենգալիա, Կառնատակա, Մահարաշթրա, Մանիպուր, Օդիշա, Թամիլանդ, Ուտար-Պրադեշ, Չհաթիսհարխ նահանգներում եւ Պուդուչերի միութենական տարածքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Հնդկաստանի ԿԸՀ-ն, ընտրությունները կընդգրկեն 95 ընտրատարածք, որոնցում պայքար են մղում 1629 թեկնածուներ։

Նախապես ծրագրվում էր, որ հինգշաբթի ընտրությունները տեղի կունենան 97 ընտրատարածքում, բայց ԿԸՀ-ն քվեարկությունը Տրիպուրի նահանգում ապրիլի 18-ից տեղափոխեց ապրիլի 23, ինչպես նաեւ չեղարկեց Թամիլանդի Վելուրու օկրուգի ընտրությունները, քանի որ թեկնածուներին այնտեղ կասկածել էին ընտրողներին կաշառելու մեջ։

Ընտրատարածքների մեծ մասում քվեարկությունը կավարտվի 18.00-ին, բայց դրանց մի մասում՝ ավելի վաղ, անվտանգության նկատառումներով։ Դա հիմնականում վերաբերում է այն տարածքներին, որտեղ ակտիվ են մաոականների խմբավորումները, որոնք Հնդկաստանում անվանվում են նակսալիտներ։ Անցած չորեքշաբթի զինյալները Օդիշայում հարձակվել էին ԿԸՀ մեքենայի վրա, սպանվել էր դիտորդ մի կին։

Մոտ 900 մլն մարդ կարող է մասնակցել համընդհանուր խորհրդարանական ընտրություններին, որոնք սկսվել են ապրիլի 11-ին։ Այդ քվեարկությունը կարող է դառնալ աշխարհում ամենամասշտաբայինը ընտրողների թվաքանակով։ Ընտրությունները կարելի է անվանել նաեւ աշխարհում ամենաերկարատեւը։ Դրանք անցկացվում են 29 նահանգներում եւ յոթ միութենական տարածքներում յոթ փուլով (ապրիլի 11, 18, 23, 29, մայիսի 6, 12, 19)։ Ձայների հաշվարկն ավարտվելու է մայիսի 23-ին։

Ուտար-Պրադեշ նահանգի ընտրատարածքներից մեկում առաջադրվել է կառավարող «Բհարաիթա ջանաթա» կուսակցության ներկայացուցիչ, Բոլիվուդի ոսկե դարաշրջանի (1960-1980) կինոաստղ Հեմա Մալինին։ Նախկին ԽՍՀՄ-ում Մալինին ամենահայտնի հնդիկ դերասանուհիներից էր շնորհիվ «Զիտա եւ Գիտա» (Seeta or Geeta, 1972) ֆիլմի, որը խորհրդային կինոդիտողի համար հնդկական կինոյի խորհրդանիշներից մեկն էր. այդ ֆիլմում նա խաղացել է երկվորյակ քույրերի դերը։

Կառնատակա նահանգում  Ջանաթա Դալ կուսակցությունից խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր է առաջադրվել Հնդկաստանի նախկին վարչապետ Դեւե Գովդան։

Հիմնական պայքարն ընթանում է Հնդկաստանի 2 առաջատար քաղաքական ուժերի միջեւ՝ Բհարաթիա ջանաթա պարտիի (ԲՋՊ՝ Հնդկական ժողովրդական կուսակցություն) եւ «Հնդկական ազգային կոնգրես» (ՀԱԿ) ընդդիմադիր կուսակցության: Ընտրությունների գլխավոր ինտրիգն այն է, թե արդյոք ԲՋՊ-ն կկարողանա կրկնել 2014 թվականի հաջողությունը, իսկ գործող վարչապետ Նարենդրա Մոդին երկրորդ անգամ անընդմեջ զբաղեցնի վարչապետի պաշտոնը:

Իշխող կուսակցությունը հռչակել է հնդկական մշակույթի եւ ավանդական հինդուսական արժեքների պաշտպանության կուրսը: Վարչապետ Մոդիի ժողովրդականությունը բավական բարձր է:

ՀԱԿ-ը Հնդկաստանի հնագույն քաղաքական կուսակցություններից է, այն 1947 թվականին երկիրն անկախ է հռչակել, նրա առաջնորդները (Ջավահարլալ Ներուն, Ինդիրա Գանդին, Ռաջիվ Գանդին եւ այլք) Հնդկաստանը կառավարել են նրա անկախության պատմության մեծ ժամանակահատվածում: ՀԱԿ-ը ղեկավարում է Ռահուլ Գանդին՝ Ռաջիվ Գանդիի որդին, ում 1991 թվականին սպանել են ծայրահեղականները, եւ Ինդիրա Գանդիի թոռը, որը ծայրահեղականների կողմից սպանվել է 1984 թվականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ