News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը քաղաքապետարանին մերկացրել է ավելի քան 1 մլրդ դրամի ապօրինի գործողությունների մեջ։ Այսքան լուրջ հայտարարության համար առիթ են հանդիսացել աղբահանման եւ ձնահավաք մեքենաների գնման մրցույթները։

Երեւանում աղբահանման հետ կապված սկանդալային իրավիճակը առաջին ամիսը չէ, որ շարունակվում է։ Բնակիչները քաղաքային իշխանություններին են կշտամբում, իշխանությունները կշտամբում են միակ օպերատորին՝ «Սանիտեկին», հիմա էլ քաղաքապետարանը որոշել է գնել երկուսուկես տասնյակ աղբահանման մեքենաներ եւ դրանք տալ «Սանիտեկին»։ Այս նպատակով քաղաքապետարանը դիմել է կառավարությանը՝ համապատասխան որոշում կայացնելու համար։

Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Խաժակյանը, քաղաքապետարանի գործողությունները ինչպես տենդերի կազմակերպման հարցում, այնպես էլ հետագա քայլերը հակասում են օրենքներին։ Քաղաքապետարանը աղբահանման մեքենաների գնման մրցույթ էր հայտարարել, որտեղ նշվել էին այն բնութագրիչները, որոնց հարմարվում էին միայն «Կամազ» ավտոմեքենաները։ Խաժակյանը քաղաքապետի ուշադրությունը հրավիրել է այս հանգամանքի վրա, սակայն նրան չեն լսել։ Արդյունքում՝ մյուս պոտենցիալ մասնակիցները չեն կարողացել մասնակցել մրցույթին։ Քաղաքապետարանի գործողությունները, ինչպես եւ պետք էր սպասել, առաջ են բերել մրցակից ընկերությունների եւ գնումների բողոքարկման խորհրդի դժգոհությունը։ Դրան հաջորդել է դատարան դիմելը եւ, որքան էլ տարօրինակ է, քաղաքապետարանի պատասխան դիմումը դատարան։ «Ակնհայտ էր, որ աղբահանման սուր խնդրի վճռի կայացման դատաքննությունը կհետաձգեն անորոշ ժամանակով։ Բայց քաղաքապետարանը գնաց դրան, ինչպես եւ ակնհայտորեն ապօրինի տենդերի անցկացման։ Տպավորություն է ստեղծվում, թե հաղթողի հարցը վաղուց լուծված է, եւ մեքենաներն էլ պատվիրված են»,- նշել է Խաժակյանը։ Մեքենաների գնման համար քաղաքապետարանը կտրամադրի 900 մլն դրամ։ «Եթե մրցույթն անցկացվեր պատշաճ կերպով, կարելի կլիներ խնայել տասնյակ, եթե ոչ՝ հարյուր միլիոնավոր դրամներ»,- կարծում է Խաժակյանը։

Նրա խոսքով՝ քաղաքապետարանի գործողությունները տեղավորվում են հետեւյալ սխեմայում՝ իրավիճակը հասցնել վերջին աստիճանի, հետո թափահարել ձեռքերն ու ասել. պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել։ Եվ այստեղ արդեն ո՞վ դեմ կլինի մեքենաներ գնելուն։ Ինչպես պարզվեց, չնայած քաղաքապետարանի գործողությունների ապօրինությանը, ինքը՝ Խաժակյանը, կոչ չի անում կառավարությանը քվեարկել մեքենաների գնման դեմ, որովհետեւ աղբահանման իրավիճակն այն փուլում է, որ սպառնում է լրջագույն հետեւանքներով քաղաքի էկոլոգիայի եւ բնակիչների առողջության համար։    

«Առկա են հակամրցակցային գործարքի նշաններ: Մրցույթի չափանիշներն այնպիսին են, որ դրան կարող են մասնակցել միայն «Կամազը» եւ «Մազը»: Ընդ որում, կառաավրությանն ուղղված քաղաքապետարանի դիմումում նշված է, որ հայտնի չեն դատական որոշման ընդունման ժամկետները, իսկ աղբի հետ կապված իրավիճակն ակնհայտ է: Իսկ ի՞նչ է, քաղաքապետարանին միայն որոշման ընդունման ժամկետներն են անհայտ: Որոշման բովանդակությունը հայտնի՞ է: Իսկ եթե դատարանը որոշի չեղարկել այդ մրցույթը եւ նորը հայտարարե՞լ», - հարցեր հնչեցրեց նա:

«Ես կառավարությանը կոչ չեմ անում որոշում չընդունել, քանի որ իրավիճակն իսկապես սարսափելի է: Բայց պաշտոնյաները, որոնք դրությունը հասցրել են նման իրավիճակի եւ գործարք կնքել, պետք է օրենքով պատասխան տան», - ընդգծեց Խաժակյանը: Ընդ որում նա հիշեցրեց, որ «Սանիթեքը» աշխատաքնի համար 5.2 մլրդ դոլար է ստանում, իսկ  քաղաքը լրացուցիչ միջոցներ է ծախսում մեքենաների գնման համար:

«Այդպիսի իրավիճակ էր նաեւ ձնամաքրման մեքենաների դեպքում: Այդ ժամանակ էլ ես ասացի, որ կարելի էր մրցույթ անցկացնել եւ տնտեսել», - նկատեց Խաժակյանը՝ հավելելով, որ ձնամաքրման մեքենաների գնումը արժեցել է 400 մլն դրամ: Այսպիսով քաղաքապետարանը երկու կասկածելի մրցույթ է անցկացրել՝ ընդհանուր ավելի քան 1 մլրդ դրամ գումարի:

«Մրցույթներն ինչպես նախկինում անցկացվում էին, այդպես էլ անցկացվում են: Հիշեք հեմոդիալիզի սարքավորումների գնման հետ կապված մրցույթները: Պարզապես այնտեղ միջամտեց ԱԱԾ-ն եւ կանգնեցրեց գործընթացը»,- ասաց նա՝ հավելելով, որ իրավապահ մարմինները նրա հայտարարությունը կարող են որպես բաց հայտարարություն ընդունել, իսկ ինքը պատրաստ  է իր տրամադրության տակ գտնվող բոլոր փաստերը տրամադրել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ