News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 16
USD
476.16
EUR
526.54
RUB
7.43
ME-USD
0.1
Տեսնել լրահոսը

Հայաստանյան երկու նոր բարեգործական հիմնադրամների հիմնադիր եւ ղեկավար, Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի այցել է Նյու Յորք, որը նրա 17-օրյա ամերիկյան շրջագայության վերջին կանգառն է։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀԲԸՄ–ից։  Այցի հիմնական նպատակն էր՝ բարձրացնել իրազեկությունը «Իմ քայլը» եւ «Ժպիտների քաղաք» հիմնադրամների մասին:

ՀԲԸՄ-ի անունից ողջունելով Աննա Հակոբյանին, Կենտրոնական խորհրդի անդամ Արդա Հարաթունյանը Հակոբյանին բնորոշեց «ոչ որպես վարչապետի տիկին, այլ որպես կայացած լրագրող, եռանդուն գաղափարախոս, որպես մարդ, ով իր գրեթե ողջ կյանքում ակտիվիստ է եղել, եւ որպես չորս երեխայի մայր»: Անդրադառնալով շահույթ չհետապնդող կազմակերպությունների ասպարեզում Հակոբյանի ստանձնած նոր դերակատարությանը, Հարաթունյանը խոսեց այն մասին, թե որքանով է բարեգործությունը տեղավորվում Նոր Հայաստանի օրակարգի համայնապատկերում: «Կառավարությունը կոչված է ծառայելու ժողովրդի կարիքներին, ապահովելու տնտեսական հնարավորությունների առկայությունը եւ ձգտելու աղքատության վերացմանը: Եվ քանզի որեւէ կառավարություն չի կարող միանգամից անդրադառնալ բոլոր այս ազգային գերակայություններին, հենց այստեղ է, որ օգնության են հասնում շահույթ չհետապնդող կազմակերպությունները: Վերջին 113 տարիներին ՀԲԸՄ-ն հենց դրանով էր զբաղվում, եւ դրանով են զբաղվում «Իմ քայլը» եւ «Ժպիտների քաղաք» հիմնադրամները՝ օժանդակելով այնտեղ, ուր կա դրա կարիքը, ինչպես նաեւ լրացնելով բացերը»:

Հակոբյանը պատասխանեց՝ նշելով. «Ինձ համար շատ կարեւոր է աշխարհի սրտում՝ Նյու Յորքում, հանդիպել զորեղ հայ կանանց»: Նա նաեւ «շատ հաջողված» որակեց վերջին մի քանի շաբաթվա ընթացքում իր մասնակցությամբ տեղի ունեցած բազմաթիվ հանդիպումներն ու միջոցառումները: Վաշինգտոն քաղաքում նրան հյուրընկալել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ, նա մի քանի հանդիպումներ եւ ելույթներ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում, Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում, Ժողովրդավարության ազգային հիմնադրամում եւ Կոնգրեսի գրադարանում: Նա նաեւ հանդիպումներ է ունեցել Բոստոնի եւ Լոս Անջելեսի հայ համայնքների հետ: Մասնավորապես, Մեմֆիսում նա փոխըմբռնման հուշագիր է ստորագրել St. Jude մանկական հետազոտական հիվանդանոցի հետ, եւ Հայաստանը դարձել է մանկական քաղցկեղի դեմ համաշխարհային պայքարի հարցերով St. Jude հիվանդանոցի առաջին գործընկերը:

Հակոբյանը հավասարապես երախտագիտություն հայտնեց ծագումով հայերի եւ ոչ հայերի ցուցաբերած աջակցության համար՝ ընդգծելով, թե որքան հպարտ էր լսել, թե Հայաստանի մասին ինչ են ասում ամերիկացիները: «Այստեղ ինձ հանդիպած ամերիկացիներն այնքա՜ն հիացած էին Հայաստանով, մեր հեղափոխությամբ, մեր ժողովրդով եւ մեր ժողովրդի ձեռքբերումներով: Եվ սա այնքան կարեւոր է ինձ համար»: Նա պարզաբանեց, որ թեեւ իր հիմնադրամները բարեգործական են, իր նպատակը ոչ միայն նյութական օգնություն ցուցաբերելն է, այլեւ կայուն ու տեւական զարգացում ապահովելը: Նա նաեւ խոսեց Հայաստանում մտածողությունը փոխելու անհրաժեշտության մասին: Ընդունելով, որ հայերից շատերը սովոր են օգնություն ստանալ սփյուռքից, նա հույս հայտնեց, որ «Իմ քայլը» հիմնադրամը Հայաստանում բարեսիրության նոր մշակույթ կձեւավորի: «Հասարակության ներսում չափազանց կարեւոր է, որ մարդիկ հոգ տանեն միմյանց եւ իրենց կարիքավոր մերձավորի, այլ ոչ միայն սեփական անձի, սեփական բարօրության մասին: Մենք՝ ի դեմս «Իմ քայլը» հիմնադրամի, ուզում ենք նման արդյունքների հասնել»:

Նա նաեւ արծարծեց հարցեր կանանց իրավունքների, ընտանեկան բռնության եւ կրթական բարեփոխումների շուրջ: Նա համաձայնեց, որ սրանք ծանրակշիռ խնդիրներ են Հայաստանի համար, եւ հույս հայտնեց, որ ժամանակի ընթացքում հնարավոր կլինի լուծել դրանք: Ի պատասխան հարցի, թե ինչ է կարծում այն ուղերձի մասին, որ սփյուռքահայերը պետք է հանդես գան որպես Հայաստանի դեսպաններ, Հակոբյանը պատասխանեց. ««Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը շատ կարեւոր է ինձ համար. ես կցանկանայի, որ բոլորս լինեինք այս նախաձեռնության ջատագովը, եւ որպես հայ կանայք եւ մայրեր մեր ձայնը լսելի դարձնեինք՝ հանուն մեր տարածաշրջանում խաղաղության: Կոչ անեինք, որ որոշում կայացնողները չդիմեն ուժի կամ բռնության»: Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների՝ Ադրբեջանի հետ սառեցված հակամարտության մասով Հակոբյանի պատասխանը հստակ էր. «Իմ ուղերձը հետեւյալն է. անկախ նրանից՝ հայ են, թե ադրբեջանցի, նրանք 18-ից 20 տարեկան զինվորներ են, եւ նրանք արժանի չեն զոհվելու միայն այն պատճառով, որ քաղաքական գործիչները չեն կարող նստել սեղանի շուրջ եւ աշխատել հակամարտության լուծումը գտնելու ուղղությամբ»:

Տպել