News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը

ԱԺ այս քառօրյայի օրակարգում ներկայացված է ՏՄՊՊՀ նախագահի ընտրության հարցը, սակայն վարչապետի կողմից այդ պաշտոնի համար առաջադրված Գեղամ Գեւորգյանի ստաժը չի բավարարում ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնի համար: Նշենք, որ այս պահին ՏՄՊՊՀ նախագահն Արտակ Շաբոյանն է:

Ազգային Ժողովի կայքում արդեն իսկ հրապարակված է ՏՄՊՊՀ նախագահի նոր թեկնածուի կենսագրությունը եւ աշխատանքային գրքույկը: NEWS.am-ը մանրամասն ուսումնասիրեց Գեղամ Գեւորգյանի աշխատանքային գործունեությունը, եւ պարզվեց, որ վերջինս չի համապատասխանում այդ պաշտոնի համար նախատեսվող պահանջներին:

Մասնավորապես, Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, Հանձնաժողովի նախագահ կարող է նշանակվել միայն բարձրագույն կրթությամբ, առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձը: Օրենքի պահանջին համապատասխան 5 տարվա ստաժից առնվազն 3-ը պետք է լինի ղեկավար պաշտոն:

Գեղամ Գեւորգյանի ղեկավարման գործունեությունը ըստ իր իսկ կողմից ներկայացված պաշտոնական տեղեկատվության, որը հրապարակված է ԱԺ կայքում կազմում է ուղիղ 2 տարի 4 ամիս: Այդքան ժամկետով նա աշխատել է որպես Գյուղատնտեսական ԾԻԳ-ի ղեկավար: Նշանակում է, որ Գեղամ Գեւորգյանը չի համապատասխանում օրենքի պահանջին: ԾԻԳ-ի ղեկավար նշանակվելուց առաջ նա աշխատել է մասնավոր ոլորտում որպես իրավաբանական վարչության մասնագետ, ապա ՀՀ կառավարությունում որպես փորձագետ, իսկ ավելի ուշ՝ դրամաշնորհային ծրագրի համակարգող: Պետք է փաստել, որ նշվածներից որեւէ մեկը չի կարող ղեկավար պաշտոն հանդիսանալ:

Տարօրինակ է, որ կառավարության իրավաբանները վարչապետ Փաշինյանին մինչեւ ԱԺ միջնորդագիր ուղարկելը այս մասին չեն տեղեկացրել: Սա կարող է լուրջ հիմք հանդիսանալ՝ Փաշինյանի որոշման վերանայման համար:

Ըստ պաշտոնական տեղեկատվության Գեղամ Գեւորգյանը ուղիղ 98 օր ( 01.12.2016-09.03.2017) աշխատել է Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար, 585 օր աշխատել է որպես Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ( 09.03.2017- 15.10.2018), 99 օր ժամկետով զբաղեցրել է Գյուղատնտեսության նախարարի պաշտոնը (15.10.2018-22.01.2019) եւ 87 օր եղել է Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալը (22.01.2019- 18.04.2019): Այսինքն, ընդհանուր առմամբ ղեկավար պաշտոնում Գեղամ Գեւորգյանի ստաժը կազմում է շուրջ 2 տարի եւ 4 ամիս (869 օր):

Նկատենք, որ այս խնդիրը նկատել է նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա Facebook-ի իր էջում գրառտում է արել, որով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է հետ կանչել ՏՄՊՊ նախագահի թեկնածու Գեղամ Գեւորգյանի թեկնածությունը։

«Քիչ առաջ իմ կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին գրություն է ուղարկվել՝ կապված ՀՀ ՏՄՊՊՀ նախագահի թեկնածուի ստաժի անբավարարության հետ։

Այդ հիմքով՝ իմ կողմից առաջարկվել է հետ կանչել Գեղամ Գեւորգյանի թեկնածությունը»,-գրել է նա՝ կից ներկայացնելով գրությունն ամբողջությամբ:

Տպել