News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Եթե պետք է «Քաղաքացու օրը» նշվի շքերթներով և ինչ-որ փուչիկներով, դրանք ինձ հիշեցնում են խորհրդային միության տարիները: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը, նշելով, որ ինքը դեմ է քվեարկել «Քաղաքացու օրը» որպես տոն հռչակելու նախագծին:

«Մի պարզ մոտեցմամբ, որ կառավարությունը ինքն իր արածին չպետք որևէ գնահատական տա: Արդյոք իրենց առաջնային խնդիրները դրանք էին, թե մենք հիմա շատ լուրջ խնդիրներ ունենք, սկսած ճանապարհաշինությունից,  տուրիզմի սեզոնն է սկսում, իսկ մեր ճանապարհները  անմխիթար վիճակում են»,- ասաց Գորգիսյանը:

Նա անդրադարձավ «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների անցկացման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից տրամադրվող 124 մլն դրամին, և ասաց, որ եթե կառավարությունը որոշել է, որ այդ օրը պետք է տոն լինի, ուրեմն՝ «նորմալ է» որ գումար է հատկացվում: Եվ ավելացրեց, որ այս դեպքում՝ պետք է քաղաքացիները գնահատական տան. ««Քաղաքացու օր» պետք է լինի ամեն օր, և նա ամեն օր պետք է զգա, որ պետությունն իր կողքին է, իր հոգսերին հաղորդակից է»,- ասաց նա:

Նշենք, որ «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների անցկացման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կտրամադրվի 124 մլն դրամ: Այդ գումարով Հայաստանի բոլոր մարզերում եւ Երեւան քաղաքում պետք է պատշաճ կերպով իրականացվեն «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումներ:

Նախագծում ասվում է. ««Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին 2019 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 124,146.5 հազար դրամ` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին»:

Տպել
Ամենաշատ