Վեց ամսում ԱԻՆ-ում ստացվել է ավելի քան 1 մլն զանգ: Այս մասին ապրիլի 19-ին մամուլի ասուլիսում հայտնեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Նրա խոսքով՝ տարեկան ստացվում է մոտ 2 մլն եւ ավելի զանգ: Նախարարը, սակայն, նշեց, որ ոչ ամբողջ 2 մլն զանգն է արտակարգ պատահարի մասին: Նման հաղորդումները տարեկան կազմում են մոտ 18-20 հազար: Մնացյալ զանգերը վերաբերում են եղանակի տեսությանը, երբեմն ուղղակի սխալ են զանգահարում: Զանգերի թիվը կախված է տարվա եղանակից եւ սեզոնից: Սեզոնից կախված՝ փոխվում է նաեւ կանչերի բնույթը. ձմռանը՝ ճանապարհներ, ամռանը՝ հրդեհներ:
Երկրում կես տարում գրանցվել է 2200 հրդեհ, քարաթափման 29 դեպք, 4 տասնյակ փլուզումներ, 2 սողանք: ԱԻՆ պատրաստվածության մակարդակը մեզ թույլ է տալիս օգնության ձեռք մեկնել հարեւաններին, արձանագրեց նախարարը՝ հիշեցնելով, որ վերջերս Հայաստանը օգնություն է ցուցաբերել ջրհեղեղից տուժած Իրանին: