News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Մրցակցության պակասն է եղել այն պատճառը, որ այսօր մենք այս  խնդրին ենք բախվում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19–ին, ԱԺ–ում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարարտցեմենտ» գործարանի շուրջ ստեղծված վիճակին։

Ավետիսյանի խոսքով 16 տարի ղեկավարելով գործարանը, տնօրինությունը պետք է մտածեր հնարավոր ռիսկերի մասին եւ ռազմավարական ծրագրերով ներդրումներ աներ, քանի որ ժամանակին «Արարատցեմենտն» ինքն էր ցեմենտ արտահանում Իրան:

«2003թ.–ին, երբ այդ գործարանի տնօրինությունը տիրապետումը ստանձնեց «Մուլտի Գրուպ» կոնցեռնը, այդ գործարանն ինքն էր ցեմենտ արտահանում Իրան կամ Վրաստան։ Իր որակով հիրավի ԽՍՀՄ–ից մնացած հզոր գործարան էր։ 16 տարվա մեջ պետք էր մտածվեր ռազմավարական ձեւով ներդրումներ անել այդ գործարանի մեջ, հաշվարկներ անել, աշխատողների իրավունքները պաշտպանել: Պետք էր չգրանցել ճոխ–ճոխ մեքենաներ տարբեր տեսակի՝ խորհրդականների, տեղակալների անուններով այլ մտածել ապագայի մասին»,– ասաց պատգամավորը։

Նրա խոսքով պետք է գտնել լուծում, որ գործարանի աշխատակիցները շարունակեն աշխատել, հարցի լուծում առաջարկելով մտածել տարբեր մոդելներ, որոնցով  մրցակցությունը կպահպանվի։

«Ես գիտեմ, որ Իրանում էժան գազ կա եւ դա պարզ է ազդելու է մրցակցության վրա, գիտեմ, որ կան այլ մրցակցային հանգամանքներ, որ ազդելու են մրցակցության վրա, բայց եկեք ազնիվ լինենք, արդյո՞ք այդ գործարանը լավ է կառավարվել ամբողջ ընթացքում, արդյո՞ք այն շքեղ մեքենաները, որ գրանցվել են տարբեր մարդկանց անուններով իրոք ազդել են ամորտիզացիոբ գնի եւ այլ բաների վրա»,– ասաց Ավետիսյանը։

Պատգամավորի խոսքով այս որոշման կայացման համար կարեւոր են նաեւ գործարանի աշխատողների կարծիքները, առաջարկելով նրանց հրավիրել խորհրդարան եւ ընդհանուր հայտարարի գալ։

«Շահագրգիռ կողմերի մեջ ոչ միայն սեփականատերերն են, տարբեր ներկրողները, այլեւ աշխատողները։ Իրենց էլ բերել խորհրդարան, նստել, խոսել, հասկանալ մի լուծում, որը կգոհացնի բոլորիս, ունենալ մի լուծում, որի պարագայում հնարավորինս չեն տուժի աշխատատեղերը, բայց հնարավորինս չի տուժի նաեւ մրցակցությունը»,– եզրափակեց Ավետիսյանը։

Նրա խոսքով ամենամեծ խնդիրն այն է, որ  գործարանը բնական մոնոպոլ լինելով, չի մտածել, որ պետք է մրցակցի։

Հիշեցնենք, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում օրերս բուռն քննարկում էր տեղի ունեցել կառավարության ներկայացրած Պետական տուրքի եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի քննարկման ժամանակ։ Օրինագծերով կառավարությունն առաջարկում էր ներկրվող ցեմենտի վրա պետական տուրք սահմանել՝ 22000 դրամ, ինչը դժգոհություն առաջացրեց իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների շրջանում։ Բացի այդ, որոշվել էր ցեմենտի հումքից (կլինկերից) հանել հարկումը։

Օրերս «ԱրարատՑեմենտ» ՓԲԸ-ն աշխատակիցները բողոքի ակցիա էին դուրս եկել։ Նրանք աշխատանքից ազատման ծանուցագրեր են ստացել: Գործարանի տնօրինությունը պարզաբանել է, որ ցեմենտի արտադրման ծախսերը շատ են, ինքնարժեքը բարձր է:

Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ գործարանում ստեղծված իրավիճակի «հիմնական պատճառը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դիրքորոշումն է», որով կլինկերը՝ ցեմենտի ամենաթանկ հումքը, ազատվում է մաքսատուրքից: Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը տեղական արտադրողի համար մրցակցային պայմաններ ապահովելու համար Իրանից ներկրվող ցեմենտի վրա մաքսատուրք է սահմանել, բայց կլինկերի ներկրման մաքսատուրքը վերացնելու որոշում կա, ինչը ձեռնառու չէ «ԱրարատՑեմենտին»:

Այնուհետեւ, սակայն, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանն իրեն պատկանող «ԱրարատՑեմենտ» գործարանի աշխատակիցների հետ հանդիպմանն ասել է, որ կրճատումներ չեն լինի:

Տպել
Ամենաշատ