News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամեն տարի ապրիլի երրորդ շաբաթ օրը կրկեսի համաշխարհային հանրությունը ու այդ ուշագրավ արվեստի սիրահարները նշում են մի յուրօրինակ ուրախ տոն՝ Կրկեսի միջազգային օրը (World Circus Day): Այն նախաձեռնել են ցույց տալու կրկեսն իր ամբողջ գեղեցկությամբ ու ուրախացնելու  այս արվեստի երկրպագուներին նոր ծրագրերով ու ներկայացումներով, ինչպես նաեւ հարգանքի տուրք մատուցելու մշակույթի մեջ կրկեսային արվեստի ավանդին։ Չէ՞ որ կրկես սիրում են ոչ միայն երեխաները, այլ նաեւ մեծահասակները, ընդ որում՝ մոլորակի տարբեր անկյուններում, հայտնում է Calend-ը։

Այս տոնը 2009 թվականին նախաձեռնել են Եվրոպական կրկեսային ասոցիացիան (European Circus Assotiation)  ու Կրկեսի համաշխարհային ֆեդերացիան(Federation Mondiale Du Cirque), որը գործում է Մոնակոյի արքայադուստր Ստեֆանիայի հովանու ներքո։ Այդ ժամանակ Եվրոպական կրկեսային ասոցիացիայի նախագահ ՈՒրս Փիլսն ու արքայադուստր Ստեֆանիան բոլոր կրկեսներին առաջարկել էին աջակցել Կրկեսի միջազգային օր հիմնելու նախաձեռնությունը, որն առաջին անգամ նշվել է 2010 թվականին ու այդ ժամանակից ի վեր դարձել ամենամյա տոն շատ երկրների համար։

Ի դեպ, Կրկեսի համաշխարհային ֆեդերացիան, որի գրասենյակը տեղակայված է Մոնտե Կառլոյում, հիմնվել է 2008 թվականին կրկեսային արվեստին ու մշակույթին աջակցելու նպատակով։ Հենց այն է դարձել կրկեսին նվիրված տոնի նախաձեռնողը՝ 2008 թվականի ապրիլի 19-ին առաջին անգամ նշելով Կրկեսի եվրոպական օրը, որից էլ ծնվել է ամեն տարվա ապրիլի երրորդ շաբաթ օրը Կրկեսի միջազգային օր նշելու ավանդույթը։ Իսկ ներկայումս ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ քննարկվում է այս Օրն ամենամյա նշվող տոների ցանկում ընդգրկելու հարցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ