News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդության քննությունն ավարտվեց: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ պաշտպանական կողմի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու. այն կհրապարակվի ապրիլի 22-ին: Նշենք, որ այսօր լրացել է Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելու 10 ամիսը. նախկին պատգամավորը կալանավորվել է 2018թ. հունիսի 19-ին՝ դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ:

Լրագրողների հետ զրույցում Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն ասաց, որ դատավոր Մարինե Մելքոնյանից որևէ նոր բան չեն ակնկալում:

«Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացել է հենց այս դատավորի գործողությունների արդյունքում: Իմ կարծիքով՝ նախագահող դատավորը միտումնավոր է կալանքի որոշումներ կայացնում, որ Մանվել Գրիգորյանը դիտավորյալ խոշտանգման ենթարկվի»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ խոսքը կյանքի հետ անհամատեղելի հիվանդություններ ունեցող անձի մասին է:

Անդրադառնալով ՄԻԵԴ-ի կողմից Մանվել Գրիգորյանի գործով ներկայացված միջանկյալ միջոց ձեռնարկելու պահանջը մերժելուն՝ փաստաբանն ասաց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ  ներկայացուցչությունը բառախաղ է արել:

Նրա խոսքով՝ դիմումում բարձրաձայնված հարցերը լուծում են ստացել բողոքը ՄԻԵԴ ներկայացնելու նախորդող օրը, խոսքը, ըստ նրա,  ՄԻԵԴ-ի կողմից հարկադրանքի միջոցներ չկիրառելուն է վերաբերվում:

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանի փաստաբանը, դիմելով Եվրոպական դատարան, խնդրել էր, որ վերջինս, Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն, միջանկյալ միջոց ձեռնարկի` պարտավորեցնելով ՀՀ իշխանություններին Մանվել Գրիգորյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ համապատասխան բժիշկ մասնագետների հսկողության տակ, ինչպես նաև նրան անհապաղ տեղափոխել Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատություն հետագա ստուգման և բուժման նպատակով:

Եվրոպական դատարանը 2019 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ մերժել էր Գրիգորյանի պաշտպանների դիմումը՝ հաշվի առնելով կառավարության կողմից ներկայացված այն փաստաթղթերը՝ համաձայն որոնց, Գրիգորյանը պարբերաբար ստացիոնար բուժում է ստացել քաղաքացիական հիվանդանոցներում:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Մանվել Գրիգորյանը մարտի 25-ին «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, գույք յուրացնելու, հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներ վատնելու եւ շորթմամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, և գործն ուղարկվել դատարան, իսկ Գրիգորյանի որդու` Արման Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ