News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եթե ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը հանցագործություն է կատարել, պետք է խստագույնս ենթարկվի քրեական պատասխանատվության, որովհետև «Նոր Հայաստանում» կոռուպցիա չպետք է լինի, սակայն կատարվածը հարցեր է առաջացնում։ Այս մասին «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանն այսօր՝ ապրիլի 19-ին ասել է ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով՝ անդրադարձել է Պետական վերահսկողության պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքին:

«Հայաստանում կան օրինականության վերահսկման ֆունկցիաներ ունեցող շատ մարմիններ, դրանց թվին կարելի է դասել Պետական վերահսկողական ծառայությունը, ԱԱԾ-ն, Քննչական կոմիտեն, Ոստիկանությունը և այլն։ Այս բոլորից միայն մեկ մարմնի՝ ՊՎԾ-ի ղեկավարն է հեղափոխական։ Այսինքն՝ ԱԱԾ-ի ղեկավար Արթուր Վանեցյանը, ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը, Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, ՀՔԾի ղեկավար Սասուն Խաչատրյանը, Դատախազության, Քննչական կոմիտեի ղեկավարները, նրանք բոլորը տարիներ շարունակ եղել են մի համակարգում, որը կոռումպացված և կոռուպցիա սպասարկող համակարգ է եղել։ Ամենայն հարգանքով այդ անձանց նկատմամբ, եկեք արձանագրենք, որ այդ մարդիկ եղել են ինչ-որ առումով կոռուպցիոն համակարգի մաս»,- ասաց Իոաննիսյանը՝ նշելով, որ ՊՎԾ–ն օրինականության վերահսկման ֆունկցիաներ ունեցող միակ մարմինն է, որը ղեկավարվել է մի անձի կողմից, որը տարիներ շարունակ, առնվազն՝ 2007թվականից սկսած, փողոցում պայքարել է կոռուպցիայի դեմ, իր կյանքի մի հատված նվիրել է կոռուպցիայի դեմ պայքարին:

Միաժամանակ, Իոաննիսյանը նշեց, որ ինքը չի պնդում, թե Դավիթ Սանասարյանն անմեղ է. «Եթե նա հանցագործություն է կատարել, պետք է խստագույնս ենթարկվի քրեական պատասխանատվության, որովհետև «Նոր Հայաստանում» կոռուպցիա չպետք է լինի։ Որովհետև 1 մլն մարդ մեկ տարի առաջ այս օրերին փողոց էր փակում, որ այս երկրում այլևս կոռուպցիա չլինի։ Բայց այս առումով բավականին լուրջ կասկածներ ունեմ, և շատ հանգամանքներ կան, որոնք ստիպում են մի քանի հարցեր բարձրացնել. ինչպե՞ս եղավ, որ Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տված անձը կալանավորումից ազատվեց, և խափանման միջոցը փոխվեց։ Ինչպե՞ս եղավ, որ այսպիսի բարձրաստիճան պաշտոնատար անձի դեմ քրեական գործը վարում է ոչ թե այն մարմինը, որը ստեղծված է բարձրաստիճան անձանց դեմ քրեական գործեր վարելու համար՝ ՀՔԾ-ն, այլ ԱԱԾ-ն, որն ուրիշ ֆունկցիաներ պետք է ունենա։ Ընդ որում, սա նաև հակառակ Քրեական դատավարության օրենսգրքի տրամաբանության է տեղի ունենում։ Ինչպե՞ս եղավ, որ փետրվարի սկզբին ԱԱԾ-ն այս գործով ասում էր, որ եղել են ծանր հետևանքներ, և 308 հոդվածի 2-րդ մասով էր գործը հարուցել, իսկ Դավիթին մեղադրանք են առաջադրել 308 հոդվածի 1-ին մասով, ինչը նշանակում է, որ հնարավոր հանցագործությունը ծանր հետևանքներ չի ունեցել»,- ասաց նա:

Իոաննիսյանը նշեց, որ այդ գործի մասին ԱԱԾ-ի 2 ամիս առաջ  արված հայտարարությունները, փաստորեն, ԱԱԾ-ն ինքն է հերքում: 

Ըստ նրա՝ այստեղ կան շատ հարցեր, որոնք էական կասկածներ են հարուցում, և որոնց հիման վրա կարելի է մտածել, որ հեղափոխականները հիմա փորձում են արմատախիլ անել կոռուպցիոն համակարգը, որը, սակայն, դիմադրություն է ցույց տալիս:

«Հիմա ես չեմ ուզում ասել, որ դա կոնկրետ Արթուր Վանեցյանն է կամ Պողոս Պողոսյանը, բայց ինձ մոտ էական կասկածներ կան, որ կոռուպցիոն համակարգը դիմադրություն է ցույց տալիս։ Որովհետև ԱԱԾ-ն իմ հիշողության մեջ միակ իրավապահ մարմինն է, որում կոռուպցիոն բացահայտումներ չեղան հեղափոխությունից հետո։ ՊԵԿ-ում եղավ, ամենաշատը ոստիկանությունն իր միջից կոռուպցիոն դեպքեր բացահայտեց, ՀՔԾ-ն, եթե չեմ սխալվում՝ նաև Քննչական կոմիտեն, բոլորն իրենք իրենց միջից կոռուպցիային հանում էին։ ԱԱԾ-ում չեմ հիշում որևէ կոռուպցիոն բացահայտում։ Ի՞նչ է, ԱԱԾ-ում որևէ կոռուպցիա չի՞ եղել՝ մանր, մեծ, ամենակոռումպացված համակարգն է եղել»,- ասաց Իոաննիսյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Տպել
Ամենաշատ