Պետքարտուղար Մայք Պոմպեոն խոստացել է, որ Միացյալ Նահանգները կշարունակեն ձեռնարկել «կոշտ միջոցներ» Ռուսաստանի նկատմամբ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի՝ Մոսկվայի՝ 2016 թվականի նախագահական ընտրություններին միջամտելու փորձերի մասին հայտարարությունից հետո, հաղորդում է AFP-ը:
Նրա խոսքերով՝ վարչակազմը մշտապես հնչեցնում էր այդ հարցը ռուսական կողմի հետ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ: «Մենք կհասկացնենք, որ դա անընդունելի վարքագիծ է»,-հայտարարել է Պոմպեոն մամուլի ասուլիսի ընթացքում Ճապոնիայի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հետ բանակցություններից հետո: «Մենք կոշտ միջոցներ կձեռնարկենք, որոնք թանկ կարժենան Ռուսաստանին իր նենգ գործողությունների պատճառով: Եւ մենք կշարունակենք դա անել »,-ասել է նա:
Պոմպեոն նշել է, որ Միացյալ Նահանգները կշարունակեն այսուհետ պնդել, որ Ռուսաստանը չմիջամտի ընտրություններին ամբողջ աշխարհում:
Մյուլերի զեկույցն ապացուցել է, որ Թրամփը եւ նրա թիմի անդամները Ռուսաստանի հետ դավադրության մեջ չեն եղել 2016 թվականի ընտրությունների ժամանակ, սակայն մատնանշել է, որ ռուսական կողմը միջամտել էր ամերիկյան ընտրություններին: