News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Նոր Կյուրին եւ Մարմարաշեն համայնքների տարածքով հոսող սելավատար, որը ծառայում է նաեւ ոռոգման նպատակներով, ամիսներ շարունակ խնդիրներ է առաջացնում այս երկու համայնքի բնակիչների համար. գյուղացիները պնդում են, որ սելավատար են լցվում «Վասանավի» խոզաբուծարանի թափոնաջրերը, որոնք ոչ միայն գարշահոտություն են տարածում, նաեւ ձկների եւ կենդանական աշխարհի անկման պատճառ են դարձել։ Սելավատար-գետում ձկները մեծ քանակով սատկում են, իսկ ջրի երեսին կեղտի փառը փաստում է գետում տիրող հակասանիտարական վիճակի մասին:

Խնդրին արձագանքել է Բնապահպանության եւ ընդերքի տեսչությունը. «Մեր տեսչությունը մարտի 2-ին հարուցվել է վարչական վարույթ եւ  վարույթի հիման վրա հանձնարարական է տվել «Վասանավի» ընկերությանը՝ դադարեցնելու ընկերության կողմից թափոնաջրերի լցնումը սելավատար»,– NEWS.am–ի հետ զրույցում ասաց Բնապահպանության եւ ընդերքի տեսչության ղեկավարի օգնական Վրույր Պեպանյանը։

Ըստ նրա, «Վասանավի» ընկերությունից փոխանցել են, որ այլեւս կեղտաջրերն ու թափոնաջրերը չեն լցնում սելավատար, այնուամենայնիվ տեսչությունը գնալու է տեղում ստուգելու ընկերության հավաստիացման իսկությունը, եթե ոչ, ապա հարցը կքննարկեն եւ միջոցներ ձեռք կառնեն օրենքով սահմանված կարգով։

«Սեղմ ժամկետներում գնալու ենք, եւ եթե հանձնարարականները չեն կատարվել, հարցը քննարկվելու է»,– ասաց Վ. Պեպանյանը։

Իր հերթին, «Վասանավի» անասնաբուծական ընկերության տնօրեն Գառնիկ Էլոյանը նշել է, որ խնդիրն իրենք արդեն լուծել են, այլեւս իրենց անասնագոմի կեղտաջուրը գետ չի լցվում, մեքենաներով տեղափոխում են:

Նշենք, որ Նուբարաշենի բնակիչները պնդում են, որ գործող «Վասանավի» խոզաբուծական ընկերությունը իր թափոնաջրերը լցնում էր մոտակա սելավատարը, որի արդյունքում մեծ վնաս է հասցվել ջրին կենդանական աշխարհին,  դիտվել է նաեւ ձկների անկում։ Բացի ջրի որակական փոփոխությունից, տարածքում մշտական գարշահոտ է. խնդիրը սրվում է հատկապես ամռանը։

Հիշեցնենք, որ սելավատարը որպես ոռոգման ջուր են օգտագործում հարեւան գյուղերի բնակիչները, այն օգտագործվում է նաեւ ձկնաբուծարանների կողմից։

Տպել
Ամենաշատ