News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պերուի նախկին նախագահ Ալան Գարսիան ինքնասպանությունից առաջ գրություն է թողել, որում նա գրել է, որ ինքնասպան է եղել իր քաղաքական թշնամիների նվաստացումներից խուսափելու համար, հաղորդում է Reuters-ը:

Ավելի վաղ այս շաբաթ Գարսիան կրակել էր ինքն իր գլխին ձերբակալման փորձի ժամանակ: Նախքան ինքնասպանությունը Գարսիան բազմիցս հերքում էր կռուպցիայի մեղադրանքները:

«Ես չեմ նվաստանա: Ես տեսել եմ ինչպես են մյուսներին ցուցադրում ձեռնաշղթաներով, սակայն Ալան Գարսիան չի հանդուրժի այդ անարդարությունը: Այդ իսկ պատճառով ես կթողնեմ իմ երեխաներին իմ որոշման արժանապատվությունը, իմ ընկերներին՝ իմ հպարտությունը ու իմ թշնամիներին՝ իմ դին՝ ի նշան նրանց նկատմամբ իմ քամահրանքի»,- ասված է գրության մեջ, որն ընթերցել է Գարսիայի դուստրը:

 «Ես տեսել եմ՝ ինչպես է այդ գործընթացն օգտագործվում նվաստացնելու, ոչ թե ճշմարտությունը որոնելու համար»,- գրել է Գարսիան նամակում, որն ընթերցվել էր նրա ընկերների եւ հազարավոր համախոհների համար:

Նախագահ Մարտին Վիսկարան, որի վարչակազմը հետեւում էր հետաքննությանը, առաջարկել է Գարսիայի ընտանիքին կազմակերպել պետական հուղարկավորություն, սակայն Գարսիայի ընտանիքը մերժել է այդ առաջարկը՝ նախընտրելով մասնավոր միջոցառում նախկին նախագահի ընկերների եւ դաշնակիցների հետ:

Գարսիայի ինքնասպանությունը, հավանաբար, սեպ է Վիսկարայի կառավարության եւ Պերուի Կոնգրեսում աջ ընդդիմության միջեւ, որոնց մեծամասնությունը նախկին նախագահի դաշնակիցներն էին:

Անցած տարվա նոյեմբերին դատարանն արգելել էր Գարսիային հեռանալ երկրից 18 ամիսների ընթացքում: Ըստ հետաքննության՝ քաղաքական գործիչը կարող էր ստանալ 100 հազար դոլար Odebrecht-ից ընկերության համար շահավետ պայմանագրեր ստանալու մեջ աջակցություն տրամադրելու համար: Պետության նախկին ղեկավարը հերքում էր իր մեղքը:

Ալան Գարսին ընտրվել էր որպես Պերուի նախագահ երկու անգամ՝ 1985-1990 թթ. եւ 2006-2011թթ.:

Նրա կառավարումը ձախողվել էր ինֆլյացիայի աճի եւ զինված խմբավորումների ակտիվացման պատճառով:

1992 թվականին կոռուպցիայի մեղադրանքների առնչությամբ Գարսիան ստիպված մեկնել էր Կոլումբիա, որտեղ ապրել էր մինչեւ 2001 թվականը: Այնուհետեւ նա վերադարձել էր Պերու եւ գլխավորել խորհրդարանական ընդդիմությունը:

2006 թվականին սոցիալ-դեմոկրատ Ալան Գարսիան հաղթել էր նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ հավաքելով ձայների 53 տոկոսը:

2018 թվականի նոյեմբերին Ալան Գարսիան, երբ կաշառակերության մեղադրանքով նրան արգելել էին լքել երկիրը, ապաստան էր հայցել Ուրուգվայի դեսպանատանը, սակայն դեկտեմբերի 3-ին Ուրուգվայը մերժել էր նրան այդ հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ