News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ավելի քան 40 մարդ է տուժել Պանկիսի կիրճում ցուցարարների եւ ոստիկանության միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով: Այդ մասին լրագրողներին հայտնել է Արտակարգ իրավիճակների եւ շտապ օգնության համակարգման կենտրոնի տնօրեն Ավթանդիլ Թալաքվաձեն, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն:

Ներկայումս բուժանձնակազմը սպասարկում է 40 հիվանդի: Նրանցից 20-ը իրավապահներ են, որոնք տեղափոխվել են Թելավիի հիվանդանոց, եւս 8-ը տեղափոխվել է Քամբարաշվիլի կլինիկա: Նրանց մոտ գրանցվել են մակերեսային վնասվածքներ:

Բուժօգնության կարիք ունեցող տուժածների շրջանում կան նաեւ լրագրողներ:

Պանկիսի կիրճում բախումների ընթացքում վնասվել է ավելի քան 10 ավտոմեքենա, 3 մեքենա ամբողջովին այրվել է, հաղորդում է Վրաստանի հանրային հեռուստատեսությունը: Նրա տարածած լուսանկարի վրա երեւում է, որ վնասվել են մի քանի քաղաքացիների, ինչպես նաեւ ոստիկանության ավտոմեքենաներ: Բացի այդ, ցուցարարները հրկիզել էին էքսկավատորը, որը պատկանում էր ընկերությանը, որը պետք է իրականացնի շինարարական աշխատանքները:

Ինչպես հաղորդում է վրացական Առաջին ալիքը, հատուկ նշանակության զորքերը հեռացել են Պանկիսի կիրճից:

Մինչդեռ այսօր պաշտոնական հայտարարություն է արել ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան, որ ոստիկանությունն, այնուամենայնիվ, ուժեղացված կազմով կմնա այդ տեղանքում եւ լիովին կպաշտպանի կարգուկանոնն ու յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը:

Գախարիան կոչ է արել Պանկիսի կիրճի բնակիչներին հանգստանալ եւ հայտարարել է, որ ՀԷԿ-ի կառուցումը կսկսվի միայն բնակչության 90 տոկոսի համաձայնության դեպքում, հաղորդում է Գրուզիա-օնլայն-ը:

Գախարիան ընդգծել է, որ ՀԷԿ-ի թեմայի քննարկումը տեղի բնակչության հետ կշարունակի ընկերությունը, որը պետք է կատարի բոլոր աշխատանքները:

Պանկիսի կիրճում ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքի ցույցի մասնակիցներն օգտագործել են քարեր եւ փայտեր ոստիկանների դեմ, իսկ ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ:

Ինչի՞ց են խուսափում Պանկիսի կիրճի բնակիչները

Պանկիսի կիրճի բնակիչները մտահոգվում են, որ ՀԷԿ-ի շինարարությունը բացասաբար կանդրադառնա շրջակա միջավայրի վրա, եւ նրանք ստիպված կլինեն լքել իրենց տները: Մինչդեռ իշխանությունները հայտարարում են, որ 5 մՎտ հզորությամբ ՀԷԿ-ը չի կարող բացասաբար ազդել

Նա խոստացել է նաեւ, որ պատասխանատվության կենթարկվեն ոստիկանների վրա հարձակում գործած ակցիայի բոլոր մասնակիցները:

Կառավարության դիրքորոշումը

Վրաստանի կառավարության վարչակազմը հրապարակել է հայտարարությունը Պանկիսի կիրճի հետ կապված:

«Վրաստանի էներգետիկ անկախությունն ու անվտանգությունը կառավարության կարեւորագույն առաջնահերթություններից է, որը պետք է իրագործվի առանց շրջակա միջավայրին ազդեցության գործոնների եւ տեղի բնակչության շահերն առավելագույնս հաշվի առնելով:

Հենց այդ շահերը հաշվի առնելով՝ «Փերի» ընկերությունը սկսել է 5.4 մՎտ հզորությամբ «Հադորի 3» փոքր ՀԷԿ-ի կառուցումը Ահմեթի շրջանում: Նախատեսվում է նաեւ երկրորդ ՀԷԿ-ի կառուցումը: Ներդրումների ծավալը գերազանցում է 40 մլն ԱՄՆ դոլարը, ինչը մեծապես կնպաստի տեղի տնտեսությանը: Խոսքը վերաբերում է փոքր, «կանաչ» ՀԷԿ-երի կառուցմանը, որոնք նվազագույն ազդեցություն են թողնում էկոլոգիայի վրա:

Հարկ է նշել, որ ՀԷԿ-ի կառուցման հետ մեկտեղ ընկերությունն ունի սոցիալական պատասխանատվություն կիրճի բնակչության օգտին սոցիալական նախագծեր իրականացնելու համար: Մասնավորապես, բնակչությունը կունենա նոր ճանապարհային եւ էներգետիկ ենթակառուցվածք կիրճում: Դա նշանակում է, որ նախագծի իրականացման փուլում կստեղծվեն նոր աշխատատեղեր, իսկ տեղական բյուջեն պարբերաբար կհամալրվի հարկերով: Մենք պատրաստ ենք պատասխանել բոլոր հարցերին՝ չնայած փոքր ՀԷԿ-ի նախագծի հետ կապված շուրջ մեկ տարի իրականցվել են հաղորդակցման աշխատնանքներ տեղի բնակչության հետ:

Բացարձակ անընդունելի են սադրանքներն ու բռնի գործողությունները, այդ թվում՝ ոստիկանության նկատմամբ: Կոչ ենք անում բոլորին չտրվել սադրանքների եւ չտարածել չստուգված տեղեկատվություն, որը կարող է հանգեցնել իրավիճակի էսկալացիային: Բռնության եւ ապակառուցողական գործողությունների բոլոր դրսեւորումները համապատասխան արձագանք կստանան օրենքի շրջանակներում»,-ասվում է Վրաստանի կառավարության հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ