News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


«Ֆլեշ» ընկերության նախագահ, գործարար Բարսեղ Բեգլարյանը պնդում է, թե տեղյակ չէ իրեն առնչվող քրեական նոր գործի հարուցումից: Այսօր՝ ապրիլի 22-ին դատարանում լրագրողների հետ զրույցում Բեգլարյանն ասաց, որ իրեն նոր գործով հարցաննության չեն հրավիրել:

«Ինձ ստիպում եք որևէ բան ասեմ, ես էլ ասում եմ՝ ոչնչից տեղյակ չեմ»,-ասաց նա:

Հարցին՝ իրեն անմեղ համարում է, գործարարը պատասխանեց.

«Ես Աստծո առաջ միշտ մեղավոր եմ, օրենքի առաջ՝ միշտ օրինապահ եմ եղել, մեռնեմ օրենքին»:

Նշենք, որ օրերս Բեգլարյանին առնչվող նոր քրեական գործ է հարուցվել: Ըստ ոստիկանութան՝ քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 322-րդ հոդվածի՝ ինքնիրավչության հատկանիշներով։

Հարցին, տեղյակ է արդյոք՝ ի՞նչ ասել է ինքնիրավչությունը, Բեգլարյանը պատասխանեց՝ ոչ:

Գործարարը չցանկացավ պատասխանել հարցին, թե հեղափոխությունից հետո ինչ փոփոխություններ է նկատել տնտեսության ոլորտում՝ հորդորելով այդ հարցն ուղղել վարչապետին:

Հիշեցնենք, որ «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանի վերբերյալ ներկայումս քրեական գործ է քննվում դատարանում: Նրան եւ «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հրայր Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բռնություն գործադրելու սպառնալիքներով ինքնիրավչություն կատարելու համար։ Հրայր Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին, իսկ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է:

Նշենք, որ ինքնիրավչությունն օրենքով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելն է, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ