News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հերթապահ բժիշկը, անձնակազմը երբեք ստիմուլյացիայի տակ գտնվող ծննդի կողքից չեն հեռանում, չեն գնում քնելու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հրազդանի» ԲԿ–ի բժշկուհի Գոհար Նարիմանյանը՝ արձագանքելով մահացած ծնված երեխայի ազգականների մեղադրանքներին, թե ԲԿ–ի բժիշկները ծննդկանին կաթիլային են միացրել, գնացել են քնել։

«Հերթապահ բժիշկը հիվանդի ձեռքը չի բռնում-նստում, ինքը կաբինետ ունի, գնում–գալիս է, 4 ժամը մեկ, կամ եթե իրավիճակը փոխվում է, գալիս է, հիվանդին նայում է։ Բայց մանկաբարձուհիները հիվանդի կողքից ոչ մի րոպե չեն բացակայել, որովհետեւ ուրիշ ծնունդ են ունեցել ծնարաններում»,- նշեց նա։

Ազգականների մեղադրանքը, թե երեխան մահացած է ծնվել, քանի որ բժշկուհին 70 տարեկան թոշակառու է, նա զրպարտություն որակեց․ «Ծնունդն ընդունող բժշկուհին 70 տարեկան է, սակայն սերտիֆիկատ ունի եւ պայմանագրի մեջ է, այսինքն՝ եթե մարդը ի վիճակի չլիներ աշխատելու, նրա հետ պայմանագիր չէին կնքի, բացի այդ՝ նա գործից մի օր չի բացակայել, գործից չի ուշացել։ Մարդը պարզ ուղեղ ունի, լավ ֆիզիկական վիճակում է, տարիքը ինչ նշանակություն ունի։ Եթե նրա մտավորը եւ ֆիզիկականը լավ չլինեին, ինքը չէր աշխատի։ Նա կոնսուլտացիների ամենալավ բժիշկներից մեկն է, Հրազդանում ամենաճանաչված բժիշկներից է։ Եթե ջահել լիներ, կասեին ջահել է, փորձ չունի, փորձված բժիշկ է, ասում են՝ թոշակառու է»,– ընդգծեց բժշկուհին։

Նա նկատեց՝ մանկաբույժի պակաս ունեն, բայց որոշ օրեր մանկաբույժին փոխարինում է ռեանիմատոլոգը. «Մանկաբույժի պակաս ունենք, ոչ ոք ցածր աշխատավարձով չի ցանկանում աշխատել, ճորտատիրական աշխատավարձ է, մարդկանց հնարավոր չէ աշխատանքի հրավիրել։ Բայց մենք օրեր ունենք, երբ մանկաբույժին փոխարինում է ռեանիմատոլոգը, հիմնարկը առանց մասնագետի չի մնում։ Այդ օրվա մասնագետը ինքնակամ թողել գնացել է տուն, ավելի շուտ է գործից դուրս եկել, բայց ասեմ ձեզ՝ ռեանիմացիոն գործողությունների մեթոդին տիրապետում են ծնարանում աշխատող բոլոր բուժքույրերը եւ նաեւ բժիշկները։ Այսինքն՝ ինչ միջոցառում պետք է եղել, արվել է, մինչեւ եկել է մանկաբույժը, որը տեսել է, որ երեխային պետք չէ ռեանիմացիա անել։ Երեխան հանգույց է ունեցել պորտալարի վրա, ինքն ձգել, իրեն խեղդել է, ինչի՞ մասին է խոսքը»։

Գոհար Նարիմանյանը պնդեց՝ երեխայի մահը բժիշկների մեղավորությամբ չի եղել. «Երեխայի սրտի բաբախը եղել է, ինքը՝ ծննդկան էլ է ասում, որ մինչեւ վերջ լսել է սրտի բաբախը, ծնվել է, չի շնչել, պորտալարը այնքան է ձգվել, որ տեղում խեղդել է, ռեանիմացիան օգուտ չի տվել, մենք չունենք հերձման պատասխանը, թե էլ ինչ խնդիրներ կարող էր ունենալ երեխան, չունենք փորձագետների կարծիքը»։

Հիշեցնենք, որ «Հրազդանի» բժշկական կենտրոնում ապրիլի 20-ի առավոտյան մահացած երեխա է ծնվել. հարազատները մեղադրում են ծնունդն ընդունող բժշկուհուն՝ Կարինե Գասպարյանին։

«Ընդամենն անփութություն է, ծննդկանին կաթիլային են միացրել, գնացել են քնել, եթե ուշադիր լինեին, նման բան չէր պատահի»,– NEWS.am–ի հետ զրույցում նշել էր ծննդկանի ազգականուհին։

Տպել
Ամենաշատ