News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը թերի է տեղեկացված Երեւանում գործող շարժական սրճարաններից, իրեն տեղեկացրել են միայն բացասական օրինակների մասին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շարժական սրճարանների միության ներկայացուցիչ Արեն Մելիքյանը՝ արձագանքելով քաղաքապետի դիտարկմանը, թե շրջիկ առեւտրի կետերն իրենց գործունեությունն իրականացնում են տեխնիկական անվտանգության եւ բնապահպանական նորմերի խախտմամբ։

«Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը թերի է տեղեկացված, քաղաքապետարանից դուրս չի գալիս, իրեն էլ տեղեկացնում են վատ վարքագիծ դրսեւորող շրջիկ առեւտրի կետերի մասին, օրինակ՝ փնթի «ԵՐԱԶ»-ների, փնթի «ՌԱՖ»-երի մասին, որոնք, իհարկե, պետք է հանվեն փողոցից։ Կան գործարանային կառույցներ՝ արտասահմանից ներկրված, սննդի նորմերին համապատասխանող կառույցներ, կան լոկացիաներ, որոնք ընդհանրապես չեն խանգարում թե բնակչությանը, թե դիմացի շենքին։ Ես չգիտեմ՝ իրենք միջազգային փորձ ուսումնասիրե՞լ են, թե՞ ոչ։ Բայց Լոս Անջեելսում կան, ամբողջ Կալիֆոռնիայում կան, Դուբայում կան, Տոկիայում, Հոնկոնգում կան, ինչ է՝ դրանք քաղաքակիրթ քաղաքներ չե՞ն»,- նշեց նա։

Քաղաքապետ Հայկ Մարությանի մեկ այլ դիտարկմանը, թե շրջիկ առեւտրի կետերը քաղաքը հետ են տանում 90-ական թվականներ, Արեն Մելիքյանը պատասխանում է. «Ինչո՞վ է շրջիկ սրճարանը քաղաքը տանում 90-ականներ, որ հարկային դաշտը ավելանո՞ւմ է հարկատուներով, թե՞ որ զբոսաշրջությունն ավելի հետաքրքիր է դառնում նման կետերով»։

Նրա խոսքով՝ բոլոր շրջիկ սրճարանները հոսանքազրկվել են. «Հոսանքը լրիվ նորմատիվներով համապատասխանեցվել էր, մարդիկ եկել են, անգամ թույլտվություն ունեցող սուբյեկտներին հոսանքազրկել են։ ՀԵՑ-ն է չէ՞ գալիս քաշում հոսանքը, հետեւաբար պետք է անվտանգ քաշեն, ինքը պատասխանատվություն է կրում, հետեւաբար ինչո՞ւ է քաղաքապետը սրճարանները անվանում վտանգավոր։ Սա ընդամենը կարգախոս է, պատրվակ է, որ դրանից կախվեն»։

Բնապահպանական նորմերի խախտման վերաբերյալ Շարժական սրճարանների միության ներկայացուցիչն ասաց, որ կարող են լինել կետեր, որոնց ջրահեռացումը կարգավորված չէ, կեղտոտում են տարածքը, սակայն կետեր կան, որոնք իրենց շրջակայքը բարեկարգում են, ծաղիկ են տնկում, կանաչապատում են. «Կան լավ տնտեսվարողներ, կան վատ տնտեսվարողներ, կան 20 դոլարանոց կոֆեի ապարատներով աշխատող «ՌԱՖ»-եր, եւ կան 100 հազար դոլարանոց truck-եր»։

Այս բիզնեսի գործունեությունը կարգավորող նախագիծը, որ մշակել է Երեւանի քաղաքապետարանը, Արեն Մելիքյանի կարծիքով՝ չի նախատեսում հստակ մեխանիզմներ. «Երեւանի իրավաբանական վարչության կողմից մշակված օրենքի նախագծով սահմանվում է, որ թույլտվությունը տալու է համայնքի ղեկավարը, իսկ կարգավորումները տալու է համայնքի ավագանին, սակայն պարզ չէ՝ ավագանին այսօր արթնացավ, ինչ կորոշի, վաղը ինչ կորոշի։ Մեր պահանջն է, որ բոլոր կարգավորումները օրենքի մեջ ներառված լինեն, իրենք ասում են, որ օրենքի մեջ հնարավոր չէ, մենք էլ ասում ենք՝ օրենքի մեջ հնարավոր չէ, հավելված կցեք»։

Նրա խոքով՝ ավագանու անդամներից փորձել են հանդիպել, քննարկել, սակայն նույնը չի կարող ասել քաղաքապետարանի մասին, որը հոսանքազրկել էր շարժական սրճարանները. «Սակայն պետք է նրանց ժամանակ տրվեր, ԱԻՆ-ը ՀԷՑ-ին կարգադրեր հոսանքազրկել։ Քաղաքապետարանին երբ հարցնում ես, ասում են՝ մենք ՀԷՑ-ին խնդրել էինք, որ ապամոնտաժեր անօրինական լարանցումները, գցում են ՀԷՑ-ի վրա։ Բոլոր շրջիկ սրճարանները հոսանքազրկվել են, փաստացի 47 սրճարան եւ մոտ 120 աշխատող էլ անգործ է մնացել»։

Արեն Մելիքյանը, սակայն, նշում է՝ բոլոր թերություններով հանդերձ ինքը կողմ է, որ օրենսդրական փոփոխությունը շուտ ընդունվի, որպեսզի տնտեսվարողները հասկանան՝ ինչ չափանիշներ են սահմանվում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ՝ գույքագրվել են մայրաքաղաքում առկա շրջիկ առեւտրի կետերը։ Գույքագրման եւ համատեղ ստուգայցերից հետո առաջացել են հիմնավոր կասկածներ առ այն, որ շրջիկ առեւտրի կետերն իրենց գործունեությունն իրականացնում են տեխնիկական անվտանգության եւ բնապահպանական նորմերի խախտմամբ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն արդեն իսկ ապամոնտաժել է անօրինական լարանցումները:

Տպել
Ամենաշատ