News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Դուք ղումար եք խաղում Երկրապահի գրասենյակների վրա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության անդամ Էռնեստ Ավանեսովի հայտարարությանը, թե Երեւանում մանկապարտեզներում բազմաթիվ տարածքներ անհատույց կամ վարձակալությամբ տրվել են տարբեր կազմակերպությունների, այդ թվում ԵԿՄ գրասենյակների համար:

«Նա ասաց՝ ԵԿՄ գրասենյակները գտնվում են մանկապարտեզի շենքերում, եւ ինքը չի հասկանում, թե ինչ ժառանգություն է դա:

Ցավում եմ պարոն Ավանեսով, որ դուք չեք գիտակցում Երկրապահի թողած ժառանգությունը: Այդ գրասենյակներից մեծ մասը նաեւ թանգարաններ են: Եթե դուք չեք գիտակցում Երկրապահի թողած ժառանգությունը, գնացեք «Եռաբլուր», էնտեղ տղաները միգուցե ձեզ կասեն, թե ինչ ժառանգություն է թողել Երկրապահը: Ասեմ, որ Երկրապահը ձեզ Արցախ է թողել, Հայաստանի Հանրապետություն է թողել, ու եթե մոտ ապագայում եթե Աստված չանի, նորից պատերազմ լինի, համոզված եմ, որ այս դահլիճում գտնվածների 10 տոկոսը չի գնալու սահման: ԵԿՄ-ն է գնալու եւ ձեր ու ձեր երեխաների կյանքն է պահելու, իսկ դուք ղումար եք խաղում Երկրապահի գրասենյակների վրա: Ամոթ է, մի քիչ հայրենասիրություն ունեցեք», - ասաց նա:

Տեղից «Իմ քայլի» անդամներից մեկն արձագանքեց. «Ոնց խնդրենք, որ մեզ հայերասիրական դասեր չտան»:

Իսկ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն էլ ասաց. «Չեմ կարծում, որ ձեր ելույթն այս պահին տեղին էր: Ես վստահ եմ, որ այս դահլիճում բոլորի մոտ նույն վերաբերմունքն է մասնավորապես Արցախի հարցի վերաբերյալ: Մենք սերտ կապի մեջ ենք ԵԿՄ-ի հետ եւ հիմա քննարկվում է, թե մանկապարտեզներում ինչը պետք է ձեւափոխվի: Այնպես որ հանգիստ եղեք, մենք բոլորս միասին ԵԿՄ-ի հետ գնում ենք առաջ»:

Էռնեստ Ավանեսովն արձագանքելով Անի Խաչատրյանի ելույթին, նշեց, որ քիչ առաջ խոսել է մարզադպրոցներից մեկը տնօրենի հետ, որն ասել է, որ իրենց տարածքում եւս ԵԿՄ գրասենյակ է, որտեղից այս պահին հարյուրավոր ՀՀԿ-ի դրոշներ ու գրիչններ են հանում: Դա հոնից հանեց Անի Խաչատրյանին. նա տեղից սկսեց գոռգոռալ, որ օրակարգից դուրս է Ավանեոսվի խոսքը:

Ավելի վաղ ավագանու նիստում «Իմ քայլը» խմբակցության անդամ Էռնեստ Ավանեսովը հայտարարել էր, որ Երեւանում մանկապարտեզներում բազմաթիվ տարածքներ անհատույց կամ վարձակալությամբ տրվել են տարբեր կազմակերպությունների, այդ թվում ԵԿՄ գրասենյակների համար, իսկ շատ ծնողներ չեն կարողանում իրենց երեխաներին մանկապարտեզ տալ, քանի որ քանակը լրացել է:

Տպել
Ամենաշատ