News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսին պետական այցով կմեկնի Մեծ Բրիտանիա՝ որպես թագուհի Եղիսաբեթ II-ի հյուր, տեղեկացրել է Բուկինգհեմյան պալատը։

Հաղորդագրության համաձայն՝ Թրամփը տիկնոջ՝ Մելանյայի հետ ընդունել է թագուհու հրավերը՝ այցելել իրեն հունիսի 3-5-ին։ Թեեւ ԱՄՆ շատ այլ նախագահներ այցելել են միապետին, միայն երկու նախագահ՝ Ջորջ Բուշն ու Բարաք Օբաման են պետական այցելություն կատարել։

Ինչպես նշում է AP-ը, հազվադեպ բան է, երբ պետական այցը հայտարարվում է դրա անցկացումից մի քանի շաբաթ առաջ։

Վարչապետ Թերեզա Մեյը հրավերն ուղարկել է Թրամփի երդմնակալությունից անմիջապես հետո, 2017-ի հունվարին, բայց ուղեւորությունը հետաձգվեց Մեծ Բրիտանիայում նախագահի ընդունելության եւ բրիտանական Brexit-ի պատճառով։

Թրամփը Մեծ Բրիտանիա պաշտոնական ուղեւորություն կատարել է անցած ամռանը, բայց դա պետական այց չէր։ Այնուամենայնիվ, ցուցարարները նրան հետեւում էին ամենուրեք. տասնյակ հազարավոր մարդիկ լցվել էին կենտրոնական Լոնդոնի փողոցները՝ ի նշան բողոքի ընդդեմ նրա ներկայության եւ խորհրդարանի մոտ ի ցույց էին դրել 6 մետրանոց փուչիկը՝ քմահաճ Թրամփի տեսքով։

Բացի թագուհու հետ հանդիպումից, Թրամփը կհանդիպի նաեւ Մեյի հետ։ Առայժմ հայտնի չէ, թե հանդես կգա արդյոք նա խորհրդարանում. պատիվ, որը ներկայացվել է նախագահներին, ներառյալ Ռոնալդ Ռեյգանին եւ Բարաք Օբամային։

Մեյն իր հայտարարությունում նշել է, որ Բրիտանիան եւ Միացյալ Նահանգները «ունեն խոր եւ ամուր գործընկերություն, որը հիմնված է ընդհանուր պատմության եւ ընդհանուր շահերի վրա»։ «Պետական այցը հնարավորություն է ամրապնդելու մեր առանց այդ էլ սերտ հարաբերություններն այնպիսի ոլորտներում, ինչպիսին են առեւտուրը, ներդրումները, անվտանգությունը եւ պաշտպանությունը, եւ քննարկել, թե ինչպես կարող ենք ամրապնդել այդ կապերը գալիք տարիներին»,- ասել է նա։

Սպիտակ տան հայտարարությամբ՝ Թրամփը եւ առաջի տիկինը նաեւ նախատեսում են այցելել Պորտսմուտի ռազմածովային քաղաքի արարողությանը՝ նշելու համար Նորմանդիայի ափհանման կամ «Նեպտուն» օպերացիայի 75-ամյակը այցելության վերջին օրը։

Հեռանալով Մեծ Բրիտանիայից՝ Թրամփը եւ նրա տիկինը կուղեւորվեն Նորմանդիա՝ Ֆրանսիայի հյուսիս, որպես նախագահ Էմանուել Մակրոնի հյուրեր՝ ներկա գտնվելու համար Նորմանդիայի ափհանման տոնակատարությանը ամերիկյան գերեզմանատանը Քոլվիլ սյուր Մերում։ Ֆրանսիայում Թրամփը առանձին հանդիպում կունենա Մակրոնի հետ։

Նորմանդիա կամ «Նեպտուն» օպերացիան ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Կանադայի եւ նրանց դաշնակիցների ծովային դեսանտի իջեցումն էր Գերմանիայի դեմ 1944 թվականի հունիսի 6-ին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ «Օվերլորդ« ռազմավարական գործողության առաջին մասն էր, որը նախատեսում էր դաշնակիցների կողմից Ֆրանսիայի հյուսիսարեւմտյան մասի զավթումը։

Դաշնակիցների մուտքը Ֆրանսիա սկսվել է 1944 թվականի հունիսի 6-ին (Դ օր) 156000 զինվորների ափհանմամբ Նորմանդիայում, եւ իրականացվել է հիմնականում երկու փուլով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել