News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Գնում ենք մեքենան մաքսազերծելու՝ 1 կամ 2 ժամ հերթ ենք կանգնում, հետո էլ ասում են՝ 3 օրից եկեք: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ավտոներկրողների բողոքի ակցիային մասնակցող Աննա Միքայելյանը՝ նշելով, որ օրերս մաքսատուն այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանին իրավիճակն այլ; կերպ են ներկայացրել։

«20 րոպեով խնջույք պատիվ տվեցին վարչապետին, հերթ կանգնած 200 մարդու էլ ասել էին՝ գնացեք տուն»,- ասաց նա:

Ավտոներկրողներն ասացին, որ իրենց եկել են ծանուցումներ այն մասով, որ երկրորդ ներմուծված մեքենայի վաճառքի համար պետք է 20 տոկոս եկամտահարկ մուծեն, բայց  իրենք հրաժարվում են վճարելուց. « Մենք կյանքում չենք իմացել, որ 20 տոկոս կա: Իրենք իրենց մեջ որոշել են, նամակ են ուղարկել և ասել՝ ամսի 20-ին պիտի մուծեք»,- ասաց ներկրողներից մեկը, և ավելացրեց, որ իրենք 20%-ի եկամուտ չունեն, որ մաքսատանը վճարեն:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 23-ին ՊԵԿ-ի շենքի դիմաց մի խումբ ավտոներկրողներ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ հանդիպում, հակառակ դեպքում՝ ցուցարարները զգուշացրին, որ փակելու են Մովսես Խորենացի փողոցը։ Բողոքողները դժգոհում էին տեղափոխման ծախսերից, մաքսատանը երկար հերթեր կանգնելուց և երկրորդ մեքենայի վաճառքից եկամտահարկ վճարելու ծանուցումից: Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը խնդրեց ցուցարարներից խումբ կազմել, և հանդիպել ՊԵԿ նախագահին: 6 հոգուց բաղկացած խմբի հետ հանդիպման ժամանակ Դավիթ Անանյանը, խոսելով երկրորդ մեքենայի վաճառքից եկամտահարկ վճարելու ծանուցումների մասին, ասաց, որ ծանուցում ուղարկելը տուգանքներ հաշվարկելու հետ բացարձակ կապ չունի, քանի որ իրենք որևէ տուգանք հիմա չեն հաշվարկել։

«Ուզում եք մուծեք, ուզում եք՝ չէ, եթե հիմա մուծեք, ու օրենքն ընդունվի, ես Ձեր մուծածը հետ եմ տալու: Ես պատասխանատվություն եմ վերցնում իմ վրա և կասեմ , որ ծանուցումներ չուղարկեն, նորմա՞լ է: Ես կասեմ՝ մի՛ ուղարկեք, այդ մարդիկ նեղվում են, Հարկային օրենսգրքում փոփոխությունն էլ Ազգային ժողովում է»,- ասաց Անանյանը:

Հանդիպումից հետո ցուցարարները դադարեցրին ցույցը, և ասացին, որ գոհ են հանդիպումից, և կսպասեն փոփոխությունների փաթեթի ընդունմանը:

Տպել
Ամենաշատ