News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մեկ տարվա ընթացքում որոշակի աշխատանքներ կատարվել են, ավագանու անդամները եկել են, շենքը նայել են, շատ տարօրինակ է, որ ավագանու անդամը այդ հարցը բարձրացրել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ժողովրդական արտիստ, «Արվեստի այբբենարան» մշակութային հիմնադրամի տնօրեն Հրանտ Թոխատյանը՝ անդրադառնալով Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լեւոն Զաքարյանի հարցին, թե ինչու է «Կանազի» մշակույթի տունը դեռեւս 2017 թվականի աշնանից տրվել  անհատույց օգտագործման, սակայն մեկ տարի անց պարտավորությունները չեն կատարվել։

Հրանտ Թոխատյանի խոսքով՝ շենքի չափագրումն ամբողջովին իրականացվել է, նախագիծը պատրաստ է, տանիքի եւ մաքրման աշխատանքներ են արվել։

«Շատ տարօրինակ է, որ այդ հարցը բարձրացրել է ավագանու անդամը։ Իրենք եկել են, տեսել են շենքը։ Ես նախնական դիմումով դիմել էի ավագանու անդամներին, որպեսզի ժամկետը երկարացնեն։ Նախորդ ավագանու օրոք էլ էի դիմել, որ 10 տարին քիչ է նման կենտրոն կառուցելու համար։ Դրա համար դեռ տարին չլրացած դիմել եմ արդեն նոր քաղաքապետարանին։ Բայց դեռ նրանք նիստեր են անում, ժողովներ են անում, քննարկում են, գալիս նայում են, նոր փաստաթղթեր էին ուզում, որոնք պատրաստվում եմ ներկայացնել։ Ի վերջո ինձ էլ են պետք որոշակի երաշխիքներ, քանի որ գումարներ են ծախսվելու կենտրոնի վրա»,– նշեց նա։

Հրանտ Թոխատյանը քաղաքապետարանից հստակ ժամկետ չի պահանջել. «Խնդրել եմ երկարացնել այնքան, որքան հնարավոր է, ինչքան կարողանան։ 10 տարվանից 3 տարին գնալու է շինարարության վրա, մնալու է 7 տարի, ուսումնական ծրագիրը չեմ հասցնի իրականացնել։ Դրա համար խնդրել եմ, որ ժամկետները երկարացնեն՝ հաշվի առնելով ներդրումային գումարը»։

Դերասանի խոսքով՝ ներդրումները որպեսզի ամբողջությամբ կատարվեն, անհրաժեշտ են երաշխիքներ. «Որոշակի չափով ներդրումներ են կատարվել, ավելի քիչ, քան ես պարտավորվել էի կատարել, բայց որպեսզի այդ ներդրումը կատարվի, ես էլ ուզում եմ, որ ժամկետը երկարացվի։ Հիմա այդ պրոցեսի մեջ ենք»։

Նա շեշտեց՝ այնպիսի ծավալի ծրագիր, որ ինքն է  առաջարկել, անկախությունից ի վեր չի իրականացվել. «Անկախությունից ի վեր նմանատիպ ծրագիր,  որ կապված լինի թատրոնի, մանկական թատրոնի եւ դպրոցի հետ, չի իրականացվել։   Իմ ուզածը բավականին մեծ, գլոբալ եւ շատ հետաքրքիր ծրագիր է»։

Հիշեցնենք, որ Կանազի մշակույթի պալատը Երեւանի ավագանու որոշմամբ 2017 թվականին 10 տարի ժամկետով անհատույց հանձնվել է «Արվեստի այբբենարան» հիմնադրամին: Հիմնադրամի տնօրեն Հրանտ Թոխատյանը խոստացել էր մեկ միլիոն դոլար ներդնել՝ անմխիթար վիճակում գտնվող կառույցը արվեստի դպրոց դարձնելու համար։

Տպել
Ամենաշատ