News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում, այսօր`ապրիլի 23-ին ավարտվեց «Սեդրակ Քոչարյանն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի» գործով նախնական դատական նիստը: Գործով դատաքննության օր նշանակվեց հունիսի 25-ը:

Նշենք, որ նախորդ դատական նիստին Վանեցյանի ներկայացուցիչները դատարան էին ներկայացրել գրավոր ապացույցներ՝ թեմայի վերաբերյալ մամուլում հրապարակված հոդվածներ ու ԱԱԾ-ի կողմից տարածված մեկ հաղորդագրությունը: Այսօր հայցվորի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը վերը նշված ապացույցների վերաբերյալ իր առարկությունները ներկայացրեց գրավոր տեսքով: Ըստ այդմ՝ հայցվոր կողմը գտնում է, որ պատասխանող կողմից ներկայացված ապացույցներն անթույլատրելի են, քանի որ հայտնի չէ դրանք ինչ կերպ են ձեռք բերվել:

ԱԱԾ-ի հաղորդագրության վերաբերյալ առարկությունում հայցվոր կողմը նշել էր վերջերս դատարանի կողմից կայացված որոշումը՝ համաձայն որի, ԱԱԾ-ն խախտել է Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը:

Այսօրվա նիստին դատարանը որոշեց, որ այն փաստը, որ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին մամուլի ասուլիսում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից արված հայտարարությունները չեն արատավորում Սեդրակ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը, չեն հանդիսանում փաստացի տվյալներ, եւ որ առկա չէ զրպարտություն, դրանց ապացուցող բեռը պետք է դնել պատասխանողի վրա:

Դատարանը նախնական դատական նիստը համարեց ավարտված եւ որոշեց սույն գործով դատաքննությունը նշանակել 2019 թվականի հունիսի 25-ին՝ ժամը 15:30-ին: Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից պահանջում է հրապարակայնորեն հերքել նրա կողմից տարածված՝ զրպարտություն պարունակող  տեղեկությունները։

Խոսքը վերաբերում է Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտնի ասուլիսում հնչեցված այն արտահայտությանը, թե «Ռոբերտ Քոչարյանը 6 միլիոն դոլար կաշառք պահանջելով՝ դարձել է «Կոնգրես» հյուրանոցի բաժնետեր»։ Ըստ հայցվոր կողմի՝ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հնչեցրած արտահայտությունները, որոնք վերաբերում են Քոչարյանի ընտանիքին, չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են Սեդրակ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը։

Տպել
Ամենաշատ