News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանն ապօրինի կերպով  աշխատանքից ազատել է իր աշխատակցուհուն՝ մինչև այդ տևական ժամանակ հոգեբանական տարբեր ճնշումների ենթարկելով նրան։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։

«Ստիպել բառը պատահական չեմ ասում, հիմա կմեջբերեմ վարչական շրջանի բառապաշարից մեկ երկու դրվագ՝ ուղղված 32 տարեկան երիտասարդ կնոջը, ով իր խնամակալության տակ ունի հիվանդ մայր և անչափահաս երեխա: Արա Դանիելյանը աշխատակցուհուն ասել է հետևյալը՝ լսի, աղջի, 10 րոպեից դիմումդ սեղանիս լինի, գնացեք, ինչ ուզում եք եղեք, սոված սատկեք»,- հայտարարեց Անի Խաչատրյանը, և ավելացրեց, որ այդ ամենը տեղի է ունեցել երկու փոխթաղապետերի ներկայությամբ:

Խաչատրյանը դիմեց Մարդու իրավունքների պաշտպանին, ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովին և բոլոր ՀԿ-ներին՝ պաշտպանել այդ աշխատակցուհու՝ Վանուհի Գալստյանի  իրավունքները.  «Մինչև տրանսգենդեր կնոջը պաշտպանելը, պաշտպանեք հայ կնոջ իրավունքները»,- ասաց Խաչատրյանը, ապա Ավան վարչական շրջանի ղեկավարին հիշեցրեց, որ նա այլևս նախկին իշխանության ոստիկանը չի:

Արա Դանիելյանը, արձագանքելով Անի խաչատրյանի մեղադրանքներին, ասաց, որ Վանուհի Գալստյանն իրեն խաբել է, և ասել՝ երկու երեխա ունի: Նշեց, որ ինքը հոգեբանական որևէ ներգործություն չի ունեցել աշխատակցու վրա, այլ ասել է, որ ստելու պատճառով հեռանա աշխատանքից:

«Վանուհի Գալստյանը եղել է նաև շուրջ մեկ ամիս նախկին քաղաքապետի օգնական: Իմ նշանակումից հետո՝ 2018 թվականից, իրավաբանական բաժինը անմիջական իմ հսկողության տակ է եղել, որը տվել է իր արդյունքները: Տվյալ գրասենյակը, որտեղ նա աշխատում էր, փոքր տարածք է, ես Վանուհուն կանչել եմ ինձ մոտ, ասել եմ՝ աղջիկ ջան որտե՞ղ կարող եմ քեզ տեղափոխել, ասել է, որ երկու երեխա ունի, մայր, աշխատանքն իրեն պետք է։ Երկու երեխայի հետ կապված ինձ խաբել է, մեկ երեխա ունի, նա խնդրել է, որ իրեն չազատեմ՝ համոզվեցի։ Ուղարկեցի առևտրի բաժնում նստի, մինչև հասկանայի, թե ինչ տեղ է ազատվելու, որ իրեն տեղավորեմ, շատ շնորհակալ էր»,- ասաց Դանիելյանը, և ավելացրեց, որ ամբողջը հնարավոր է պարզել աշխատակազմի մնացած աշխատակիցների միջոցով։

«Իմ դաստիարակությունն ու կրթությունը ինձ երբեք թույլ չի տալիս նման արտահայտություն անել։ Ես նրան ասել եմ, որ ստի պատճառով դիմում գրի և անցնի այլ աշխատանքի»,- պարզաբանեց Ավան վարչական շրջանի ղեկավարը։  

Նա ավելացրեց նաև, որ Անի Խաչատրյանին լավ հասկանում է, քանի որ 2 ամիս եղել է Վանուհուն խղճալու կարգավիճակում: Ըստ Դանիելյանի՝ աշխատասենյակում եղել են Ավան վարչական շրջանի երկու տեղակալները, ովքեր կարող են պնդել, թե ինքն ինչ է խոսել: Անի Խաչատրյանը հակադարձեց՝ ասելով, որ եթե վատ աշխատող էր, թող ազատեր աշխատանքից.  «Վարչապետի մեղքը չեկավ, որ նա դրոշի համար մարդ ազատի, դուք էլ իմ մեղքը չեք գալիս, ես ձեր ազատման համար պայքարելու եմ, որովհետև դուք հին Հայաստանի ոստիկանի վարքագիծ ունեք։ Ձեր նմաններն ինձ ոստիկանության բաժիններում 18 տարեկանում ծեծի են ենթարկել, և դուք այդ ոստիկանական մտածելակերպից դուրս չեկած՝ վարչական շրջանի ղեկավարն եք, որ թույլ եք տվել կնոջ հանդեպ Ձեզ այդպես պահել»:

Տպել
Ամենաշատ