News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավար տեղակալ Դավիթ Պողոսյանն ունի դատվածություն: Այսօր՝ ապրիլի 23-ին Երևանի ավագանու նիստի հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը՝ Ավան վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանից պահանջելով պարզաբանում։

«Զարմանալի է, պարո՛ն Դանիելյան, լինելով ոստիկանության նախկին աշխատող՝ ցավոք, շատ սխալ կադրային քաղաքականություն եք վարում: Դավիթ Պողոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի երրորդ մասի առաջին կետով և չորս տարի ժամկետով դատապարտվել ազատազրկման:

Խնդրում եմ պարզաբանում տաք այդ հարցին»,- ասաց Մանրիկյանը:

Ի պատասխան՝ Արա Դանիելյանն ասաց, որ Մանրիկյանը չի որոշում իր ճիշտ կամ սխալ կադրային քաղաքականությունը, և կոչ արեց նրան որակումներից զերծ մնալ. «Դուք չեք որոշում՝ սխալ կադրային քաղաքականություն է, թե՝ ոչ»,- ասաց նա:

«Մի տեղեկալը մարդ է ծեծում, մի տեղակալը կատարել է հանցանք, ինչպե՞ս կարող ենք անվանել, եթե ոչ սխալ քաղաքականություն»,- հակադարձեց Մանրիկյանը:

Դանիելյանը տվեց պարզաբանում այն մասով, որ Դավիթ Պողոսյանը նշանակվել է օրենքի սահմանում, և նրա դատվածությունը հանված է. «Փաստաթղթերով մաքուր է: Ներկայումս Դավիթ Պողոսյանը բացի այն, որ աշխատում է Ավան վարչական շրջանի տեղակալ, այլ նաև՝ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի հայցորդ է: Աշխատել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում, ավարտել է Բժշկական համալսարան: Ես էլ շատ գոհ եմ իր աշխատանքից»։

Մանրիկյանի խոսքով՝ բարձրագույն ուսուցմամբ ցմահ դատապարտյալներ էլ կան: Ըստ նրա՝ վարչական շրջանի տեղակալի պաշտոնը Դավիթ Պողոսյանի համար շատ բարձր է, և, որ դա  իր անձնական դիրքորոշումն է: Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ արձագանքեց, ասելով, որ  իրենց դիրքորոշումն այլ է, բայց ի գիտություն՝ կընդունեն նաև այդ առաջարկը, որ դատվածություն ունեցող անձը պետական մարմիններում չպետք է աշխատի:

Տպել
Ամենաշատ