News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Այսօր ես չեմ խոսելու այդ գործից, մնալու եմ օրվա խորհրդին համապատասխան իմ կեցվածքով: Այդ մասին այսօր՝ ապրիլի 24-ին, ասաց պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը (նրա լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են –խմբ.), չցանկանալով մեկնաբանել գլխավոր դատախազի ասածը, որ հնարավոր չէ Հայաստանում ինչ-որ մեկի վրա «գործ կարվի»:

«Այսօր ես չեմ խոսելու այդ գործից, մնալու եմ օրվա խորհրդին համապատասխան իմ կեցվածքով: Իսկ մնացածի մասին… առաջիկայում կհրավիրեմ ձեզ եւ կխոսենք այդ հարցերից»,-ասաց Սանասարյանը:

Հարցին, հնարավոր է զղչա, որ մասնակցել է հեղափոխությանը, Սանասարյանն ասաց. «Ես երբեւիցե պաշտոնի համար որեւէ գործողության չեմ արել եւ հիմա էլ պաշտոնի համար որեւէ գործողություն չեմ անելու»:

Դիտարկմանը, որ իր դեմ հարուցած քրգործի պատճառներից է նրա հակառուսական լինելը, Սանասարյանը նշեց. «Ես ոչ մի ազգ հակա չեմ: Իմ գործողությունները հանուն Հայաստանի են, իսկ ազգերի դեմ որեւիցե բան չունեմ: Տարբեր երկրների իշխանություններ, որոնք որ Հայաստանի շահը չընդունեն, ես նրանց ասելիք ունեմ: Մնացածն արդեն փորձում են տարբեր շորեր հագնել, ես գիտեմ իմ շորերը»:

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով. այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը:

Ըստ ԱԱԾ-ի՝ քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ վերջինս, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Դավիթ Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից միաժամանակ որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։

Սանասարյանը, սակայն պնդում է, որ գործը կարված է և շինծու։

Տպել
Ամենաշատ