News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ես շարունակելու եմ ապրել Հայաստանում, պայքարել հանուն ուժեղ Հայաստանի, եւ չեմ մտածելու այլ երկրներում գտնել իմ հանգիստը: Այդ մասին այսօր՝ ապրիլի 24-ին, ասաց պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը (նրա լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են –խմբ.):

«Ես վստահեցնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը դառնալու է շատ ուժեղ, այլ երկրները Հայաստանի հետ ոտք են մեկնելու ինչպես հավասարը հավասարի հետ, եւ ՀՀ-ն լինելու է բոլոր հայերի հայրենիքը»,- ասաց Սանասարյանը:

Նա նաեւ նշեց, որ հեղափոխության սիմվոլը ՀՀ քաղաքացին է, ՀՀ եռագույն դրոշն է եւ զինանշանն է. «Չեմ կարծում, որ ես հեղափոխության սիմվոլն եմ»:

Հարցին, թե ինչու չէր եկել Ծիծեռնակաբերդ կառավարության ներկայացուցիչների հետ, Սանասարյանն ասաց, որ այս պահին իր լիազորությունները կասեցված են. «Իշխանությունները՝ ՀՀ քաղաքացիներն են: Կապ չունի, թե ով ում հետ է գալիս Ծիծեռնակաբերդ, մենք բոլորս միասին ենք»:

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով. այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը:

Ըստ ԱԱԾ-ի՝ քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ վերջինս, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Դավիթ Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից միաժամանակ որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։

Սանասարյանը, սակայն պնդում է, որ գործը կարված է և շինծու։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ