News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Շրի Լանկայում Զատկի կիրակի 8 օբյեկտներում, այդ թվում՝ երեք եկեղեցիներում տեղի ունեցած պայթյունները թվում է, թե նախատեսված էին ոչ միայն զանգվածային կորուստներ պատճառելու համար, այլեւ որոշակի հաղորդագրություն ուղարկելու, նշում է CNN-ն:

Քննության նախնական տեղեկություններով՝ պայթյունները կազմակերպել է «արմատական իսլամական խմբավորումը», հնարավոր է՝ որպես պատասխան հարված Նոր Զելանդիայում Քրայսթչերչի 2 մզկիթում կոտորածին, հայտարարել է Շրի Լանկայի պաշտպանության նախարար Ռուվան Վիյեւարդանան:

Հաղորդվում է, որ ԻԼԻՊ-ը ստանձնել է Շրի Լանկայի կոտորածի պատասխանատվությունը: Քրիստոնեական օրացույցի ամենասուրբ օրն իրագործված պայթյունները ոմանց համար դարձել են կրոնական պատերազմի մասին խոսակցությունների առիթ: Այս տեսության համաձայն՝ քրիստոնյաներն ու մուսուլմանները առավել հաճախ են սկսել հակադրվել եւ պատրաստ են հարված հասցնել սրբություններին:

Հեղինակը նշում է, որ պաշտամունքի ցանկացած տան վրա հարձակումը նողկալի է եւ պետք է դատապարտվի: Աշխարհի չափից ավելի շատ վայրերում են քրիստոնյաները մուսուլմանների կողմից հարձակումների ենթարկվում եւ հակառակը:

Բայց երկարաժամկետ հեռանկարում ահաբեկչական հարձակումների մասին տեղեկությունները չեն հաստատում ծնվող կրոնական պատերազմի մասին պատմությունը:

Մերիլենդ նահանգի համալսարանի ահաբեկչության եւ ահաբեկչության հակազդման հետազոտության Ազգային կոնսորցիումի տվյալներով՝ 1970-2017 թվականներին աղոթարանների վրա հարձակումները կազմել են աշխարհում բոլոր ահաբեկչական հարձակումների ընդամենը 1,45 տոկոսը:

Եթե հաշվի առնենք նաեւ կրոնական գործիչների (օրինակ՝ հոգեւորականների եւ այլ առաջնորդների) եւ կրոնական հաստատությունների վրա ահաբեկչական հարձակումները, այս թիվը կաճի ընդամենը 1 տոկոսային կետով՝ մինչեւ 2,44 տոկոս:

Վերջին տարիներին, 2012-ից 2018-ի հունիս ժամանակահատվածում վիճակագրությունը ժամանակ առ ժամանակ մեծացել է. օրինակ՝ 2017 թվականին Եգիպտոսում ահաբեկիչները սուֆիական մզկիթում սպանել են 311 մարդու: 

Բայց 2012 թվականից աղոթարանների, կրոնական գործիչների եւ կրոնական հաստատությունների վրա հարձակումների թիվը շարունակում է մնալ համեմատաբար ցածր՝ կազմելով աշխարհում հարձակումների ընդհանուր թվի 2-ից մինչեւ 4 տոկոսը:

Ընդհանուր առմամբ, ահաբեկիչների հարձակումները մասնավոր անձանց եւ ունեցվածքի դեմ (շենքեր, բնակարաններ եւ այլն) կազմել են ընդհանուր թվի մոտ 24 տոկոսը, որին հաջորդել են հարձակումները զինվորականների վրա (15,4 տոկոս), ոստիկանության (13,5 տոկոս), կառավարությունների (11,7 տոկոս), ձեռնարկությունների (11,4 տոկոս) եւ տրանսպորտի (3,75 տոկոս):

Այդուհանդերձ, գլոբալ մոդելները չեն համընկնում տարածաշրջանայիններին, ասում է START գլոբալ ահաբեկչության տվյալների բազայի կառավարիչ Էրին Միլլերը: Նա նախազգուշացրել է, որ առանձին երկրներում կարող է դիտվել աղոթարանների վրա հարձակումների թվի աճ, եթե անգամ դրանք ամբողջ աշխարհում հազվադեպ են:

Միլլերը նաեւ նշել է, որ աղոթարանների վրա որոշ հարձակումներ իրականացրել են դաժան իսլամականները, որոնք հետապնդել են իրենց մուսուլման եղբայրներին, ինչը դարձյալ հակասում է այն պատկերացմանը, որ քրիստոնեությունն ու իսլամը ավելի հաճախ են կոնֆլիկտի մեջ մտնում:

Այսպիսով, չնայած հասկանալի պատճառներով հավատացյալները եւ մնացյալ շատերը ցնցված են աղոթարանների վրա կատարվող հարձակումներից, մենք պետք է թերահավատորեն վերաբերվենք «քաղաքակրթությունների բախման» մասին վարկածին: Տվյալներն այս գաղափարը չեն հաստատում, համենայնդեպս՝ ներկայումս, եզրակացնում է հրապարակման հեղինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ