News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տիկին Աննա Հակոբյանը ապրիլի 24-ի երեկոյան իրենց տանը հյուրընկալել են ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում գործող Շամելյան հայկական ազգային վարժարանի սաներին: Հանդիպմանը ներկա են գտնվել են նաեւ վարչապետի երկու դստրերը` Շուշան եւ Արփի Փաշինյանները:

Ապրիլ ամսվա սկզբին ԱՄՆ այցի ընթացքում դպրոցի մի շարք ուսուցիչներ եւ ծնողեր մոտեցել էին տիկին Հակոբյանին եւ պատմել, որ երեխաներն ամսվա վերջին այցելելու են Հայաստան եւ շատ են ցանկանում հանդիպել վարչապետ Փաշինյանին եւ նրա հետ զրուցել: Վարչապետն էլ սիրով համաձայնել էր հանդիպել երեխաների հետ:

Թեյի սեղանի շուրջ աշակերտները վարչապետից հետաքրքրվել են հայ-չինական հարաբերությունների, արտաքին եւ ներքին մարտահրավերների, սփյուռքի դերակատարության, արեւմտահայերենի պահպանության, Հայաստանում զբոսաշրջության զարգացման եւ կենդանիների պաշտպանության խնդիրների մասին:

Հարցերի գերակշռող մասը վերաբերվել է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանն ու  ծավալվող հետագա զարգացումներին: Վարչապետը շեշտել է, որ հեղափոխության ամենամեծ արժեքն այն էր, որ որեւէ մարդ չզոհվեց եւ դեպքերը զարգացան խաղաղ ճանապարհով: «Մեր սկզբունքն այն էր, որ հեղափոխությունը պետք է տեղի ունենար խաղաղ ճանապարհով: Մարդկային կյանքը շատ կարեւոր է մեզ համար եւ մենք չէինք կարող որեւէ նպատակի համար կյանք զոհաբերել»:

Թե ինչ փոփոխություններ են եղել Հայաստանում հեղափոխությունից հետո, վարչապետն ասել է, որ փոփոխություններ ամեն օր են լինում:

«Փոփոխությունները շարունակական են: Մեկ տարի առաջ Հայաստանում չկար ժողովորդավարություն, այսօր` կա, մեկ տարի առաջ Հայաստանում չկար ազատ մամուլ, այսօր` կա: Նախկինում ընտրության արդյունքները կեղծվում էին, այսօր` ոչ: Այսօր` հեղափոխությունից մեկ տարի անց, մենք պետք է իրականացնենք տնտեսական հեղափոխություն: Մեկ տարի առաջ հեղափոխությունը մարդիկ իրականացրեցին` փողոց դուրս գալով եւ պայքարելով անարդարությունների դեմ, տնտեսական հեղափոխությունն էլ պետք է մարդիկ կատարեն: Կառավարությունը պետք է քաջալերի եւ հնարավորություններ ստեղծի, որ մարդիկ կարողանան աշխատել եւ ստեղծել արդյունքներ: Մեր հաջորդ քայլը պետք է լինի տնտեսության զարգացումը, աղքատության հաղթահարումը: Աղքատությունը կարող ենք հաղթահարել միայն աշխատանքով եւ կրթությամբ: Մեր խնդիրն է, որպեսզի քաջալերենք մարդկանց աշխատել, որպեսզի հավատան իրենց ուժերին: Ես եւ Աննան սովորական ընտանիքից դուրս եկած մարդիկ ենք, եւ ամենակարեւորը, որ մենք միշտ հավատացել ենք մեր ուժերին, միշտ պայքարել ենք: Կառավարությունը գործընկեր է, որ պետք է հնարավորություն ստեղծի, որ մարդիկ հավատան իրենց ուժերին: Կառավարությունը պետք է ստեղծի հնարավորություններ կրթության, օրինականության, հավասարության եւ արդարության համար, որպեսզի մարդիկ կրթվեն, զբաղվեն իրենց սիրելի աշխատանքով եւ զարգացնեն երկիրը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե որ տարիքից է զգացել, որ ցանկանում է լինել վարչապետ, Փաշինյանը շեշտել է, որ երբեք նման ցանկություն չի ունեցել եւ որեւէ կարգավիճակի համար մղում չի ունեցել: Ըստ Փաշինյանի, իր ամբողջ կյանքի ընթացքում նա պայքարել է այն արժեքների ու սկզբունքների համար, որոնց հավատացել է: «Այդ սկզբունքներն էին ժողովրդավարությունը, արդարությունը, օրինականությունը: Ես այդ արժեքներին եմ հավատում եւ, ըստ էության, ես գիտեի, որ այդ պայքարը ինձ կտաներ դեպի խոչընդոտներ: Ես միշտ իմացել եմ, որ եթե քաղաքականությամբ զբաղվեմ` կլինեն զրկանքներ ու հետապնդումներ: Միաժամանակ, ես ոչ մի պարագայում իմ սկզբունքներից չեմ նահանջելու: Կնահանջեն նրանք, ովքեր փորձում են ոտնահարել այդ սկզբունքները»,- ասել է վարչապետը` պատմելով, թե ինչպես է լրագրող այնուհետեւ պատգամավոր եղած տարիներին հետապնդվել, ձերբակալվել, հանդիպել բազմաթիվ խոչընդոտների: Փաշինյանը կատակով շեշտել է, որ վարչապետ ընտրվելուց հետո էլ իրեն «կալանավորված» է զգում, քանի որ շրջում է զինված մարդկանց ուղեկցությամբ, իր աշխատասենյակն ու բնակարանը հսկում են բազմաթիվ մարդիկ: Հարցին, թե չի հոգնում աշխատելուց, վարչապետը նշել է, որ սեփական ժողովրդին ծառայելը իր համար հաճույք է եւ երբեք այդ աշխատանքի ծանրությունը չի զգացել:

Թե ինչ լուծում է տեսնում Արցախյան հակամարտության խնդրում, վարչապետը շեշտել է, որ լուծումը պետք է լինի բացառապես խաղաղ ճանապարհով եւ առաջին հերթին պետք է սկսել երկխոսություն ժողովուրդների միջեւ: «Այժմ մենք բանակցությունների մեջ են Ադրբեջանի նախագահի հետ եւ պետք է ամեն ինչ անենք, որ մեր տարածաշրջանում պահպանենք երկարատեւ խաղաղությունը»:

Թե ինչպես է տեսնում Հայաստանի ապագան՝ հարցին, վարչապետը շեշտել է, որ տեսնում է ազատ, ուժեղ երկիր: «Տեսնում եմ երկիր, որտեղ ապրում է 6-7 միլիոն մարդ, տեսնում եմ երկիր, որտեղ մարդիկ բարձր որակավորում ունեցող մասնագետներ են եւ ստանում են բարձր աշխատավարձ: Հայաստանը տեսնում եմ ուժեղ երկիր, որ պատրաստ է պաշտպանել ինքն իրեն: Տեսնում եմ երկիր, որ պետք է դառնա ապրելու համար լավագույն վայրը բոլոր սփյուռքահայերի համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Աշակերտներից մեկն էլ Աննա Հակոբյանին հարցրել է, թե ինչ զգացողություններ է ունեցել հեղափոխության օրերին եւ արդյոք չի վախեցել, ինչին ի պատասխան Աննա Հակոբյանը շեշտել է, որ ամուսնանալով Նիկոլ Փաշինյանի հետ, իմացել է, որ ամուսինը ըմբոստ է եւ միշտ պայքարելու է անարդարության դեմ: Նա շեշտել է, որ միշտ էլ իմացել է, որ լինելու են դժվարություններ, խնդիրներ: «Ամուսնության ընթացքում եղել են հետապնդումներ, շատ փորձություններ, հատկապես, երբ ամուսինս ձերբակալված էր կամ ընդհատակում»,- ասել է Աննա Հակոբյանը:

Հանդիպմանը աշակերտներին հարցեր է ուղղել նաեւ վարչապետը: Թե ինչն են ավելի շատ հավանել հարցին աշակերտները պատմել են, որ Հայաստանն ավելի լավն էր, ավելի գեղեցիկ ու զարգացած, քան իրենք պատկերացնում էին: 13-ամյա Գեղոն Գասպարյանը պատմել է, որ շատ տպավորված է «Թումո» կենտրոնով, Շանթ Կուդնոյանն էլ ասել է, որ չորս տարի առաջ էլ է Հայաստան եկել, սակայն այժմ շատ փոփոխություններ է տեսնում: «Ի տարբերություն ԱՄՆ-ի, մարդիկ այստեղ բարի են, ժպտերես ու պատրաստակամ օգնել դիմացինին»,- ասել է նա:

Ապագայի հետ կապված ծրագրերի վարչապետի հարցին ի պատասխան, երեխաները նշել են, որ մտադիր են դպրոցն ավարտելուց հետո ընդունվել քոլեջ, այնուհետեւ համալսարան, լավ սովորել եւ կապը երբեք չկորցնել հայրենիքի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ