News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարության այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստի ժամանակ Հայաստանի ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց ՀՀ բուհերի 2019/2020 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) եւ ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին որոշման նախագիծը:

Նախարարը տեղեկացրեց, որ բակալավրի համար հատկացվել է 2600 տեղ, մագիստրոսական 1300 տեղ եւ ասպիրանտական տեղերի համար 140 տեղ: Նա ընդգծեց, որ ի թիվս այլ գործոնների, այս տեղերը հաշվարկելիս հիմք է ընդունվել նաեւ առկա պահանջարկը, բուհերի առանձնահատկությունները, կառավարության ծրագիրը, գերատեսչությունների, այդ թվում մարզպետարանների առաջարկները:

«Անվճար տեղերը ընդունվողների մոտ 15 տոկոսն է: Սփյուռքահայ ուսանողների ընդունելության համար հատկացվել է 70 տեղ, ՊՆ-ին՝ 374 տեղ, Ոստիկանության կրթահամալիրին՝ 55, ԱԻՆ-ի ճգնաժամային կառավարման ակադեմիային՝ 60»,ասաց Արայիկ Հարությունյան:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ կառավարության գերակայությունը բարձրտեխնոլոգիական ոլորտն է, գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը, որոնք պետք է արտացոլված լինեն այստեղ:

«Մենք ուշադիր պետք  է լինենք, որ իներցիոն երեւույթները սովորական չդառնան: Երբեմն մենք չենք կարողանում հոդաբաշխ բացատրել, թե ինչու ենք այս կամ այն ոլորտում այդքան անվճար  տեղ հատկացնում»,-ասաց նա եւ նշեց, որ չնայած դրան՝ իներցիան փոխելու համար որոշակի ճանապարհ պետք է անցնել հենց իներցիայի հետ:

«Հաջորդ տարի այս որոշումը պետք է կայացվի բոլորովին ուրիշ վերլուծությունների հիման վրա: Այո, համալսարաններին նեղացնելու քաղաքականությունից պետք է դուրս գալ: Մի քիչ կոպիտ է ստացվում, բայց մեր երկրում համալսարանները մեր հանրությանը բավարար չափով նեղացրել են եւ պետք է ոչ-ոքի տրամաբանությունից դուրս գանք եւ երկարաժամկետ ծրագրերով մտածենք»,-ասաց նա եւ նշեց, որ համալսարաններն արդեն չպետք է իշխանության ձեռքին գործիք լինեն, այնտեղ պետք է իրականացվի ապաքաղաքական կրթական գործունեությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ