News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Կառավարության այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում նիստում որոշում կայացվեց գումար հատկացնել Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը, որն էլ այն պետք է փոխանցի Շախմատի ֆեդերացիային:

Գումարը հատկացվելու է 2019 թվականի շախմատի աշխարհի առաջնությանը Լեւոն Արոնյանի նախապատրաստման եւ մասնակցության ապահովման նպատակով:

Նախարարությանը կհատկացվի 133 200,0 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից առաջին կիսամյակում՝ 66 600.0 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ ինն ամսում՝ 99 900.0 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը  պատմական ակնարկ անցկացրեց եւ ներկայացրեց Լեւոն Արոնյանի ձեռքբերումները:

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի թիմային առաջնության հաղթող, աշխարհի գավաթի կրկնակի հաղթող եւ պատմության բոլոր ժամանակների 4-րդ ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստ Լեւոն Արոնյանը 2019 թվականին պատրաստվում է աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար ծավալվող պայքարին, որը բաղկացած է լինելու 3 փուլից՝ հավակնորդների մրցաշարի կլասիֆիկացիա, հավակնորդների մրցաշարի հաղթանակ եւ աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղի կլասիֆիկացիա, աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղի հաղթանակ:

Թեեւ պայքարը շատ թեժ եւ ծանր է լինելու, Լեւոն Արոնյանը առաջատարների ցանկում է եւ մեծ շանսեր ունի նվաճելու աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ հետ բերելով չեմպիոնի կոչումը Հայաստանի Հանրապետություն: Անհրաժեշտ է նշել, որ Լեւոն Արոնյանը 2017 թվականին եղել է ամենադոմինանտ խաղացողը՝ նվաճելով 5 սուպեր մրցաշար եւ աշխարհի գավաթ:

Բարձր մակարդակի շախմատը վերջին 10 տարիների ընթացքում սերտորեն կապվել է բարձր տեխնոլոգիաների հետ, քանի որ ռեպերտուարի ուսումնասիրությունը եւ ընդլայնումը ուղիղ կապ ունի բազմամիջուկային համակարգիչների հետ:

Հարկ է նշել, որ Լեւոն Արոնյանի համակարգիչը ձեռք է բերվել 2011 եւ 2013 թվականներին, եւ արդեն հնացել է՝ հետ ընկնելով մրցակիցների կողմից օգտագործվող համակարգիչներից:

Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ այսօրինակ հարցերին պետական բյուջեից ֆինանսավորում եղե՞լ է, թե՞ սա առաջին դեպքն է: «Սա առաջին անգամ է, որ մարզիկի համար նման մեծ գումար է հատկացվում, սա աննախադեպ է», - ասաց Գաբրիել Ղազարյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս կարգի հարցերը նախկինում ավանդաբոր լուծվել են հետեւյալ կերպ. «Որեւէ ձեւով կամ զանգ է հնչել, կամ որեւէ ունեւոր անձի միջնորդություն է եղել: Դա վատ մեխանիզմ է, որովհետեւ այն իր հետ բերում է այլ հարաբերություններ ու պարտավորություններ, արտոնություններ: Մեր դիրքորոշումը պետք է լինի հետեւյալը՝ այն մարզական առաքելությունը, որոնք մենք կգնահատենք որպես պետական նշանակություն ունեցող, պետությունը կֆինանսավորի»:

Վարչապետն ասաց, որ Լեւոն Արոնյանն աննախադեպ վաստակ ունի Հայաստանի առջեւ. «Մեր հիմնական խնդիրն է, որ ՀՀ քաղաքացին հավատա իր ուժերին: Արոնյանը, Հենրիխ Մխիթարյանը, Արթուր Ալեքսանյանը պետք է լինեն այն տիպարները, որոնց օրինակով մեր երիտասարդությունը պետք է դաստիարակվի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ոչ թե ինչ-որ մեկը պետք է լավություն անի Արոնյանին, էստեղ-էնտեղ էլ գլուխ գովա, այլ պետությունը պետք է ստեղծի բոլոր անհրաժեշտ պայմանները՝ արձանագրելով, որ դա անում է ոչ թե կոնկերտ Արոնյանի համար, այլ այն երիտասարդների համար, որոնք իրենց օրինակով պետք է ոգեշնչվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ