News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը երկարատեւ խորհրդածություններից հետո, վերջապես, խորհրդարանին ներկայացրեց իր նոր կառուցվածքը, եւ մեր ներկայացրած 8 առաջարկներից ոչ մեկը չէր ընդունվել: Այս մասին ապրիլի 25-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նրա գնահատմամբ՝ կառավարությունը գնաց չափազանց ապակառուցողական ճանապարհով: «Ըստ էության, չի ընդունվել որեւիցե կառուցողական քննադատություն: Ես բացասաբար եմ գնահատում նաեւ արդարադատության նախարարի զեկույցը եւ եզրափակիչ ելույթը»,- շեշտեց սրտնեղված Մարուքյանը:

Նա անուշադրության չմատնեց նաեւ Կառավարության կառուցվածքում փոփոխությունների հարցի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի պահվածքը՝ նշելով, որ նոր խորհրդարանում առաջին անգամ քննարկվում էր խմբակցության առաջ քաշած հարցն այն մասին, թե ով է կրճատվելու, ինչ չափի կրճատումներ են լինելու, ինչու եւ երբ, դրա փոխարեն ինչ է առաջարկվում, եւ իրենք ինչպիսի պատկերացում ունեն ընդհանրապես պետական կառավարման համակարգի վերաբերյալ: «Մեզ ներկայացրին խայտառակ գրավոր պատասխան, եւ մենք հուսով էինք, որ բանավոր պատասխանը կարող է գոհացնող լինել, սակայն պարզվեց, որ բանավորը շատ ավելի վատթար էր եւ խայտառակ: Արդյունքում մենք օգտվեցինք Կանոնակարգի մեխանիզմից, որը թույլ է տալիս բարձրացնել Կառավարության անդամի հետագա պաշտոնավարման հարցը: Տեղի ունեցավ քվեարկություն, եւ այս հարցը մերժվեց, ընդ որում՝ 41 պատգամավոր ֆինանսների նախարարին դեմ էր քվեարկել: Այսինքն՝ խորհրդարանական համակարգի պարագայում կառավարությունում անդամ կա, որի դեմ է հանդես եկել 41 պատգամավոր: Իմ կարծիքով՝ սա Կառավարությանն ազդանշան է, որ այս նախարարը խնդիրներ ունի, եւ նրա ապագան աղոտ է: Սա դաս կդառնա մնացյալի համար, որպեսզի խորհրդարանում իրենց նման կերպ չպահեն»,- ասաց «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ