News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումերի նախարարի տեղակալ Մանե Ադամյանն այսօր՝ ապրիլի 25-ին Կամբոջայի Թագավորության պատվիրակությանը համառոտ ներկայացրել Հայաստանի գործարար եւ ներդրումային միջավայրը, արտահանման հնարավորությունները, տեղեկացրել գործող առեւտրային ռեժիմների մասին, նաեւ անդրադարձել ՀՀ տնտեսական բարեփոխումների եւ ներդրումային միջավայրի բարելավման օրակարգին, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության եւ մի շարք այլ բնագավառներում Հայաստանի հնարավորություններին։Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումերի նախարարության մամուլի ծառայությունից։

Կամբոջայի պատվիրակության ներկայացուցիչները նշել են, որ հետաքրքրված են հանքային ջրերի, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության, ինչպես նաեւ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հնարավորություններով եւ հեռանկարներով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ փոխշահավետ համագործակցության հնարավոր ուղղությունները։ Մասնավորապես արծարծվել են հայկական արտադրանքի՝ Կամբոջա հնարավոր արտահանման, ինչպես նաեւ կամբոջական ապրանքների` Հայաստան ներկրման վերաբարյալ հարցեր։ Երկուստեք կարեւորվել են գործարարների անմիջական շփումները եւ հանդիպումները, փոխայցելությունները, ինչպես նաեւ տեղեկատվության փոխանակման անհրաժեշտությունը։

Կողմերը պայմանավորվել են տնտեսական կապերն ակտիվացնելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկել եւ համագործակցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

Մանե Ադամյանը նշել է, որ նախարարությունը պատրաստ է աջակցել համագործակցության զարգացման հարցում եւ հավելել, որ Կամբոջայի գործընկերներին կփոխանցի իրենց հետաքրքրող ոլորտներում գործող ընկերությունների տվյալները՝ գործակցությունն առավել հասցեական դարձնելու համար։

Անդրադառնալով ԵԱՏՄ-Կամբոջա հարաբերություններին՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է աջակցել Կամբոջային Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության խորացման ուղղությամբ։

Կողմերը նշել են, որ երկու երկրներն էլ զբոսաշրջության ոլորտում մեծ ներուժ ունեն, որն առաջիկայում անհրաժեշտ է արդյունավետ օգտագործել։

Հանդիպման ավարտին հյուրերը Մանե Ադամյանին հրավիրել են այցելել Կամբոջա՝ տեղում ծանոթանալու երկրի տնտեսությանը եւ զբոսաշրջային հնարավորություններին։

Պատվիրակության կազմում էին Կամբոջայի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարարության պետական քարտուղար Ուչ Բորիտը, Կամբոջայի առեւտրի նախարարության պետական քարտուղար Տեկրետ Կամրանգը, Ռուսաստանի Դաշնությունում Կամբոջայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Կեռ Վիքսիթը եւ այլ պաշտոնյաներ։

Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ եւ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ