Ես ասել եմ, որ նույնիսկ իմ ընտանիքի անդամները եւ բոլորը հավասար են օրենքի առջեւ. այդտեղ ամեն ինչ պարզ է: Այս մաիսն այսօր՝ ապրիլի 26-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հարցին, թե նոր Հայաստանում հնարավո՞ր է որեւէ պաշտոնյայի կամ քաղաքացու նկատմամբ «գործ կարվի»,- վարչապետը հարցով պատասխանեց. «Իսկ դուք ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է: Դուք եք Հայաստանի կյանքը լուսաբանում, դուք պատասխանեք այդ հարցին, հնարավոր է, թե ոչ: Ես ուզում եմ շեշտել, որ որեւէ մեկի անմեղության կանխավարկածը պետք չի խախտել: Ես ասել եմ, որ նույնիսկ իմ ընտանիքի անդամները եւ բոլորը հավասար են օրենքի առջեւ: Այդտեղ ամեն ինչ պարզ է»:
Դիտարկմանը, թե ինքն ասել է, որ ոմանք Հայաստանում «ախպերական» մտածելակերպով են առաջնորդվում, ում նկատի ունի եւ ինչ է ցանկացել ասել, Փաշինյանն արձագանքեց. «Ես դրանով ուզեցել եմ ասել, որ իրավիճակին մեր վերաբերմունքը չպետք է լինի ըստ այնմ, թե մենք ում հետ ինչ հարաբերություն ունենք: Մեր վերաբերմունքը պետք է լինի ըստ այնմ, թե ինչ հարաբերություն ունի դա իրականության հետ, ճշմարտության հետ եւ օրինականության հետ»:
Հիշեցնենք, որ կոռուպցիոն գործարքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել Պետական վերահսկողության պետ (լիազորությունները ժամանակավոր դադարեցված են) Դավիթ Սանասարյանի նկատմամբ: Վերջինս հայտարարել է, որ գործը շինծու է, իսկ նրա պաշտպանները նշել են, որ «գործ են կարում» հին մեթոդներով: