News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է  «Լրատվական ոլորտի առաջնահերթությունները Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ճանապարհին» համաժողովին:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի մամուլի ակումբի կազմակերպած միջոցառմանը մասնակցել են նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, ԱԺ պատգամավորներ, այլք:

Հանդիպման ընթացքում Արտակ Զեյնալյանը, կարեւորելով մամուլի դերն ու նշանակությունը ժողովրդավար հասարակության մեջ, նշել է, որ բազմաթիվ դատական ակտեր կան, որոնցում արձանագրված է, որ ազատ մամուլը ժողովրդական հասարակության հիմքն է: «Մամուլը երաշխավորն է խոսքի ազատության եւ իրավունքի, խոսքի ազատության իրավունքը արտահայտվելու ազատության ձեւերից մեկն է, իսկ մամուլն ունի շատ լուրջ առաքելություն ժողովրդավարական հասարակության մեջ. այն կոչված է տեղեկություն  հաղորդելու, տարածելու, իսկ այդ տեղեկությունը կառավարելը, առհասարակ, գոյության հիմքն է»,- նշել է արդարադատության նախարարը:

Նախարարի համոզմամբ, 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում մամուլի ինդեքսն  էական փոփոխության է ենթարկվել, եւ դա հեղափոխության ձեռքբերումներից մեկն է: «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության վարկանշի համաձայն՝ այն 19 կետով բարելավել է վիճակն ու դրությունը: Սա կարեւոր ձեռքբերում է, որը պետք է գրանցել ոչ միայն իշխանությունների, այլ ողջ ժողովրդի անունից: Սա համընդհանուր ձեռքբերում է, սա ոչ նյութական բարիք է, արժեք»,- ասել է Արտակ Զեյնալյանը եւ

ավելացրել, որ ազատ խոսքը կարող է նաեւ ցնցող լինել, բայց դա, ընդամենը, բացառիկ դրսեւորումներից մեկը պետք է լինի, սակայն, մեզանում շատ հաճախ բացառիկ դրսեւորումը դառնում է օրինաչափություն, իսկ օրինաչափությունը՝ բացառություն:

Ամփոփելով խոսքը՝ նախարարն ընդգծել է, որ մամուլի գործառույթներից մեկը նաեւ հասարակությանը հաշտ ու խաղաղ պահելն է, հաշտեցնելը եւ ոչ թե մշտապես սթրեսի, շոկի ու ցնցումների մեջ պահելը:

Տպել
Ամենաշատ