News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սիրիայի հարցում Աստանայի գործընթացի երաշխավոր երկրները (Ռուսաստան, Իրան եւ Թուրքիա) Իրաքին եւ Լիբիային հրավիրել են դառնալ ՍԱՀ վերաբերյալ բանակցությունների դիտորդ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով երաշխավորների ուրբաթ տարածած հայտարարությանը։

«Քննարկեցինք Աստանայի ձեւաչափի դիտորդների թվաքանակի ավելացման հարցը եւ պայմանավորվեցինք  հրավիրել Սիրիայի հարեւան Իրաքին եւ Լիբիային միանալ Աստանայի գործընթացին»,- ասվում է փաստաթղթում, որը ընթերցել է Ղազախստանի փոխարտգործնախարար Մուխթար Տլեուբերդին, նշում է գործակալությունը։

Երաշխավոր երկրները նաեւ հայտարարել են Սիրիայի հանդեպ անջատողական ծրագրերը կասեցնելու վճռականության մասին։

«Մերժեցինք նոր իրողություններ ստեղծելու բոլոր փորձերը՝ ահաբեկչության դեմ պայքարի պատրվակի ներքո, եւ վճռականություն արտահայտեցինք դիմակայելու անջատողական ծրագրերին՝ ուղղված Սիրիայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության, ինչպես նաեւ հարեւան երկրների ազգային անվտանգության խափանմանը»,- ասվում է փաստաթղթում։

Կողմերը նշել են, որ միայն այս պայմաններում է հնարավոր ապահովել անվտանգությունը հանրապետության հյուսիս-արեւելքում։

«Պայմանավորվեցինք շարունակել խորհրդատվությունները Սիրիայի հյուսիս-արեւելքի մասին եւ նշեցինք, որ կայունության ու անվտանգության ապահովումը այս շրջանում հնարավոր է միայն երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարգման հիման վրա»,- ասված է հայտարարությունում։

Կողմերը հաստատել են փոխգործակցությունը շարունակելու հաստատակամությունը Իդլիբում ահաբեկիչներին վերացնելու հարցում։

«Մանրամասն քննարկեցինք Իդլիբի գոտու լիցքաթափման հարցը, ողջունեցինք 2018 թվականի սեպտեմբերի 17-ի հուշագիրը եւ վճռականություն հայտնեցինք կատարել Իդլիբում կայունության հաստատման մասին պայմանավորվածությունը, ներառյալ իրանա-ռուս-թուրքական համատեղ պարեկման համակարգումը»,- նշվում է փաստաթղթում։

«Լուրջ մտահոգություն հայտնեցինք ահաբեկչական «Հայաթ Թահրիր աշ Շամ» («նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան Նուսրա») կազմակերպության՝ իր վերահսկողությունն այս գոտում ուժեղացնելու փորձերի առիթով եւ հաստատակամություն հայտնեցինք շարունակել համագործակցությունը ԻԼԻՊ-ի, «Ջեբհաթ ան Նուսրայի» եւ մյուս բոլոր ահաբեկչական կազմակերպությունների վերջնական վերացման հարցում, որոնք կապված են «Ալ Քաիդայի» կամ ԻԼԻՊ-ի հետ»,- ընդգծվում է հայտարարությունում։

Երաշխավոր երկրները հավատարիմ են Սիրիայի ինքնիշխանության, անկախության, միասնության եւ տարածքային ամբողջականության պահպանմանը, ինչպես նաեւ ՄԱԿ Կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին։

Հանդիպման մասնակիցները նշել են նաեւ բոլոր սիրիացիներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը։ «Միջազգային հանրությանը, հատկապես ՄԱԿ-ին եւ նրա մարդասիրական գործակալությանը կոչ արեցինք ավելի մեծ օժանդակություն ցուցաբերել, միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան, իրականացնել վերականգնման նախագծեր, ներառյալ ենթակառուցվածքի բազային օբյեկտները՝ ջրա- եւ էլեկտրամատակարարումը, դպրոցները, հիվանդանոցները»,- ասվում է փաստաթղթում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ