News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ապրիլի 25–ին կալանավայրից ազատ արձակված Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանը աշխատանքից ազատման դիմում չի գրել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՊՎԾ–ից։ Փոխարենն աշխատանքից ազատման դիմում է գրել նրա ղեկավարած վարչության աշխատակից Գեւորգ Խաչատրյանն, որը նույնպես վերջերս է կալանքից ազատվել։

Հիշեցնենք, որ երեկ կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանն ասել էր, որ Ադյանն ամենայն հավանականությամբ աշխատանքից ազատման դիմում կգրի։

Ավելի վաղ հայտնել ենք, որ 2019 թ. փետրվարի 27-ին Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանին եւ նրա ղեկավարած վարչության աշխատակից Գեւորգ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելը)։ Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ «Զորաշեն» ՍՊԸ–ի հաշվապահ Տարոն Ավետիսյանին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու եւ փաստաթղթեր կեղծելու համար։ Երեքի նկատմամբ էլ դատարանը, որպես խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։ Ավելի ուշ Գևորգ Խաչատրյանի և Տարոն Ավետիսյանին նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ:

Նույն գործի շրջանակում ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Հիշեցնենք, որ Սամվել Ադյանը կալանքից ազատվել էր, քանի որ դատարանը չէր բավարարել նրա կալանքի ժամկետը երկարաձգելու ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Դատարանի այս որոշումը բողոքարկել է թե ԱԱԾ-ն, և թե գլխավոր դատախազությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ