«Սպայկա» ընկերության հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանի պաշտպանները վերաքննիչ քրեական դատարանին միջնորդել են Ղազարյանի նկատմամբ թույլատրելի ճանաչել գրավի կիրառումը՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29–ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ղազարյանի փաստաբանական թիմի անդսմ Կարեն Սարդարյանը։

Ըստ պաշտպանի՝ որևէ հիմք չկա ենթադրելու, որ Դավիթ Ղազարյանը, լինելով ազատության մեջ, կարող է խոչընդոտել գործի քննությանը։

 «Նախաքննական մարմինն, ըստ էության, չի բերում նման հիմքեր, իսկ կալանքի որոշումն ինչ–որ ենթադրությունների վրա է»,– հույս հայտնելով, որ դատարանն օբյեկտիվ որոշում կկայանցնի։

 Սարդարյանը նկատեց, որ ՊԵԿ քննչականի կողմից կալանքի միջնորդություն ներկայացնելուց հետո Ղազարյանը փորձ չի կատարել Հայաստանը լքելու, թեև դրա հնարավորությունն ուներ։

Անդրադառնմալով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի այն դիտարկմանը, թե «Սպայկայի» չվճարած 7 մլրդ դրամը կարող է աճել, փաստաբանն արձագանքեց.

«Եթե նման բան կա, թող մեղադրանքի ծավալը փոխեն»։

Կարեն Սարդարյանը նաև նշեց, որ իր պաշտպանյալը որպես մեղադրյալ ցուցումք չի տվել, սակայն հայտարարություն է արել, որ եթե պարզվի հարկային պարտավորություններ ունեն, ի վիճակի է և կարող են դրանք վճարել։

Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ՊԵԿ քննչական վարչության քննիչի միջնորդությունը և «Սպայկա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացրել։

2019 թ. ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չկատարելը):

Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7.036.666.312 ՀՀ դրամ մաքսատուրք եւ հարկ։