News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի կայսր Ակիհիտոն երեքշաբթի ավարտել է ծեսերը, որոնք կապված են երեկոյան նշանակված գահից հրաժարվելու հետ, տեսանյութը ցուցադրվել է «Ասահի» հեռուստաալիքի եթերում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դարչնագույն հագուստով, որը կարող է կրել միայն միապետը, եւ մետաքսե սեւ գլխարկով Ակիհիտոն դանդաղորեն մտել է կայսերական պալատի տարածքում գտնվող Ամատերասու աստվածուհու պատվին կառուցված սրբավայր, որը համարվում է Ճապոնիայում կայսերական դինաստիայի նախամայրը: Կայսրն այնտեղ հին ճապոներենով կարդացել է հանգստի գնալու մասին «ծանուցումը»:

Ծեսերի շարքը անցկացվել է մարտի 12-ից: Այս ընթացքում կայսրը ճապոնական դիցարանի աստվածություններին եւ իր նախնիների հոգիներին տեղեկացրել է միապետի պարտականությունները վայր դնելու եւ դրանք գահաժառանգ արքայազն Նարուհիտոյին փոխանցելու մասին:

Հեռացող կայսրն այցելել է նաեւ մյուս սրբավայրեր, այդ թվում՝ Ամատերասու աստվածուհու գլխավոր տաճար եւ Տոկիոյում իր հոր՝ կայսր Հիրոհիտոյի դամբարան:

Երեկոյան տեղի կունենա գահից Ակիհիտոյի հրաժարվելու պաշտոնական արարողությունը, իսկ մայիսի 1-ին կսկսվի Նարուհիտոյի կառավարման նոր դարաշրջանը, որը ստացել է Ռեյվա անունը:

2016 թվականի օգոստոսին կայսր Ակիհիտոն ժողովրդին հղած հատուկ ուղերձով հասկացրել էր, որ տարիքի պատճառով ավելի ու ավելի է դժվարանում կատարել իր պարտականությունները, կցանկանար գահը փոխանցել գահաժառանգին եւ գործերից հեռանալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ