News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Դատախազությունում գործ հարուցվեց հեմոդիալեզի պարագաների գնման հետ կապված, եւ ի սկզբանե մեր նպատակն էր «Գնումների մասին» օրենքին համապատասխանեցնելը պետական գնումները՝ տվյալ պարագայում բժշկական կենտրոնների կողմից հեմոդիալեզի պարագաների գնման հարցը: Այդ մասին այսօր՝ ապրիլի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանը:

«Դատախազության մեղադրանքի հիմքում դրել է այն տեղեկանքը, որը մենք տվել ենք: Երբ եղավ առաջին հրապարակումը, ըստ որի, ՊՎԾ պետի մասնակցությամբ բիզնես են խլում, խոսքը սրա մասին էր»,- ասաց Սանասարյանը:

Նա նաեւ նշեց, որ ամբողջ աշխարհում հեմոդիալեզի պարագաների հետ կապված մաֆիա գոյություն ունի եւ տարբեր երկրներում տարբեր ձեւով են տիրանում այդ ոլորտին:

«Ես վստահ եմ, չեմ կասկածում, որ այս գործը չունի այլ ելք, քան մեղադրանքի կասեցումը, եթե այլ կերպով գնաց, բավականին լուրջ նոր պայքար է սկսելու նոր Հայաստանում, իրավական դաշտը մաքրելու պայքար է սկսվելու, ես վստահեցնում եմ»,-ասաց նա:

Սանասարյանը նշեց, որ չի ասում՝ եթե իրեն մեղադրեն, կռիվ է տալու, այլ փաստում է, որ քաղաքացիներն էլ են տեսնում, որ այստեղ կա խնդիր:

«Ինձ ասում են, որ երևի թե անփորձություն է արել, հեմոդիալիզի մասին տված տեղեկատվությունը լրիվ հակառակի մասին է խոսում, քանի որ, երբ ինձ հնարավոր փաստեր է ներկայացվել, որ հիվանդանոցներում մոնոպոլիա կա, ես ի պաշտոնե այլ բան անել, քան պահանջել դաշտը ազատականացնելը, չէի կարող, եւ ես արել եմ իմ գործը, որևէ անփորձություն չկա»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով. այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը:

Ըստ ԱԱԾ-ի՝ քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ վերջինս, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Դավիթ Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից միաժամանակ որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ