Պետք չի կենցաղային փոքր վեճի համար ոստիկանությանը զբաղեցնել. չի կարելի կենցաղային վեճը ոստիկանության տիրույթ տեղափոխել: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով ապրիլի 27-ին Եղեգիսում տեղի ունեցած միջադեպին:
Նա ներկայացրել է տեղի ունեցածի իր վարկածը՝ նշելով. «Քաղաքացու օրվա» առթիվ հրավիրել էին Վայոց Ձոր: Երկրագիտական թանգարանից մոտեցանք սեղանիկներին, որոնք ձեւավորել էին համայնքները, համտեսում էինք, երբ մեզ մոտեցան երկու երիտասարդներ եւ խնդրեցին միջամտել ինչ-որ դեպքի: Ինձ ասացին, որ տղաները ծխելուց հետո մնացորդը նետել են առվի մեջ եւ փոխմարզպետը պահանջել էր դրանք հավաքել: Տհաճ խոսակցություն են ունեցել, որից հետո փոխմարզպետը ոստիկանություն է հրավիրել, որ այդ երիտասարդներին ուղեկցեն բաժին:
Որպեսզի ես իրողությունը ճիշտ հասկանամ, պետք է երկրորդ կողմին լսեի, դրա համար մոտեցա հավաքված ամբոխին: Այդ միջադեպը տեղի էր ունեցել մեզնից մի 30 մետր հեռավորության վրա: Քանի որ խմբով կանգնած էին ոստիկաններ, եւ ես չէի ճանաչում փոխմարզպետին, հարցն ընդհանուր ուղղեցի, թե ինչ է պատահել, ինչու եք նվաստացնում երիտասարդներին:
Փոխմարզպետը կոպիտ հակադարձեց, թե դու ով ես, որ հետաքրքրվում ես: Նրան պատասխանեց Արտաբույրք համայնքի ղեկավարը՝ ներկայացնելով, թե ես ով եմ: Բնականաբար, բազմության մեջ կոպիտ խոսքեր նույնպես հնչեցին մարզպետի հասցեին: Ես նաեւ նշեցի, որ չի կարելի նման կերպ երիտասարդներին նվաստացնել: Եթե անհրաժեշտ է, այդ մնացորդը հենց ինքն էլ կարող է վերցնել, ոստիկանություն չհրավիրել եւ պատմություն չսարքել»,-ասաց Բագրատյանը:
Նրա խոսքով, դրանից հետո, քանի որ ոստիկանները հավաքված էին, փոխմարզպետը հոխորտաց, որ դուք ինձ վիրավորել եք, ես ձեզ նկարում եմ, որից հետո ասաց, որ գնալու եմ ոստիկանություն հաղորդագրություն տամ եւ գնաց հաղորդագրություն տվեց:
Դիտարկմանը, թե Եղեգիս համայնքի ներկայացուցիչ Տիգրան Եղոյանը հայտարարել է, որ դուք եք սադրել իրավիճակը, քանի որ ձեզ ձեռք չի տալիս կոռուպցիայի դեմ պայքարող փոխմարզպետը, Սերգեյ Բագրատյանն արձագանքեց. «Երիտասարդների ծխախոտային մնացորդի հետ կապված պատմությունը կոռուպցիայի դեմ պայքար չէ: կոռուպցիայի դեմ պայքար կարելի է համարել, եթե նա պայքարում է դատախազության, ոստիկանության, քննչական մարմինների դեմ: Պետք չի կենցաղային փոքր վեճի համար ոստիկանությանը զբաղեցնել: Չի կարելի կենցաղային վեճը ոստիկանության տիրույթ տեղափոխել»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 27-ին, ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել Վայորց Ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանի կողմից, որը հայտնել է, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառման ժամանակ իրեն են մոտեցել Սերգեյ Բագրատյանը եւ Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի բնակիչ, 50-ամյա Արմեն Սեդրակյանը, որոնք անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, իր հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, անվայել արտահայտություններ, վիրավորել եւ փորձել են հարձակվել իր վրա եւ իրեն հարվածել:











