News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո մեկ ամիս անց, որոնց արդյունքներով իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) կորցրել էր Թուրքիայի 2 խոշոր քաղաքների վերահսկողությունը, ԱԶԿ ներկայացուցիչները սկսել են կասկածել ազգայնականների հետ դաշինքին: Ոմանց կարծիքով՝ հենց այս դաշինքն է դարձել ընտրություններում անհաջողություների պատճառը, փոխանցում է Reuters-ը:

ԱԶԿ-ի եւ Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) միջեւ համաձայնագրի համաձայն՝ մարտի 31-ի ընտրություններում ազգայնականները մայրաքաղաք Անկարայի կամ Ստամբուլի քաղաքապետի ոչ մի թեկնածու չէին առաջադրել, իսկ ԱԶԿ-ն մի կողմ էր քաշվել այլ շրջաններում:

Բայց այս գործարքը չխանգարեց Ժողովրդական հանրապետական կուսակցությանը, որը համանման պայմանագիր էր կնքել մյուս ավելի մանր ընդդիմադիր կուսակցությունների հետ, երկու քաղաքում էլ ստանալ քաղաքապետի պաշտոնը:

ԱԶԿ-ն դեռեւս վիճարկում է Թուրքիայի ամենախոշոր քաղաք եւ գործարար կենտրոն Ստամբուլում իր պարտությունը, որտեղ ինքը՝ Էրդողանը քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է մինչեւ 2002 թվականին ազգային մակարդակում իր կուսակցության իշխանության գալը:

ԱԶԿ բողոքարկման որոշումը դեռեւս ձգձգվում է, պարտությունը ԱԶԿ-ի շարքերում հարցեր է առաջացրել ընտրարշավի ռազմավարության վերաբերյալ: Չնայած դաշինքը նրանց օգնել է ամբողջ երկրում ձայների մեծամասնությունն ստանալ, ԱԶԿ անդամները նշում են, որ այն սահմանափակ օգուտ է տվել:

«ԱՇԿ-ն այս դաշինքից ավելի շատ է շահել, քան մենք»,- Անկարայում ԱԶԿ կենտրոնակայանում Reuters-ին ասել է բարձրաստիճան պաշտոնյան:

ԱԶԿ մեկ այլ ներկայացուցիչ ասել է, որ ԱՇԿ 71-ամյա առաջնորդ Դեւլեթ Բահչելին, որը Էրդողանի երբեմնի համոզված քննադատն էր, երբեք կանխատեսելի դաշնակից չի եղել:

ԱԶԿ-ն Խոհրրդարանում հենվում է ԱՇԿ-ի վրա, ինչը նշանակում է, որ համաձայնագրում ցանկացած խզում կհանգեցնի նոր գործընկերների որոնման, ինչը լուրջ խնդիր է նախընտրական քարոզարշավի ժամանակ Էրդողանի կողմից ընդդիմախոսների խիստ քննադատությունից հետո:

Աղբյուրներից մեկը կարծում է, որ եթե թուրքական ընտրական հանձնաժողովը որոշում ընդունի Ստամբուլում կրկնակի ընտրություններ չանցկացնելու մասին, դաշինքի պահպանման խթանները քիչ կլինեն։ «Դաշինքի ճակատագիրը կախված է այդ որոշումից։ Անհնար է ասել, թե ինչպես կդասավորվի դաշինքի ճակատագիրը կարճաժամկետ հեռանկարում, բայց բեկումը նկատելի է արդեն հիմա»,- ասել է նա։

ԱՇԿ ներկայացուցիչն ասել է, որ թեեւ ԱԶԿ-ի հետ տարաձայնություններն ակնհայտ են, բայցեւայնպես, կուսակցությունները հակված չեն խզելու, այսպես կոչված, «Ժողովրդական դաշինքը»։

ԱԶԿ անհաջողություններն Անկարայում եւ Ստամբուլում առաջ են բերել հանրային լուրջ քննադատություն քաղաքական գործչի կողմից, որը մի ժամանակ Էրդողանի աշխատակազմի կենտրոնում էր։

Նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն դատապարտել է ազգայնականների հետ կուսակցության դաշինքը՝ հայտարարելով, որ այն վնասում է «ինչպես ընտրողների մակարդակի, այնպես էլ կուսակցության ինքնության տեսակետից»։

Դավութօղլուն, որը վարչապետ է եղել 2014-2016 թվականներին, քննադատել է նաեւ ԱԶԿ տնտեսական քաղաքականությունը, ԶԼՄ-ների սահմանափակումները։

Այն բանից հետո, երբ ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քլըչդարօղլուն հարձակման ենթարկվեց զինվորի թաղման ժամանակ, Էրդողանը հանդես եկավ ավելի հաշտվողական ելույթով՝ միասնության կոչ անելով։

Վերլուծաբանները կարծում են, որ հղումը ազգային միասնությանը կարող է զգալի չափով հռետորաբանական լինել, իսկ ընդդիմությունն ասում է, որ դա դատարկ հնչյուն է, այն բանից հետո, երբ նա քանիցս մեղադրել է ԺՀԿ-ին եւ նրա դաշնակիցներին ահաբեկչությանն աջակցելու մեջ։

«Որոշ մարդիկ ԱԶԿ-ում ինքնաքննադատությամբ են զբաղվում։ Դա անհանգստացնում է Էրդողանին։ Ինչպես կարող է մարդը, որը չի կարող հանդուրժել ինքնաքննադատությունն իր սեփական կուսակցությունում, ժողովրդավարություն դավանել»,- ասել է ԺՀԿ փոխնախագահ Մուհարեմ Էրքեկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ