News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Կառավարությունն այսօր արտոնություն տվեց գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությանը՝ ազատելով 1 միլիարդ 1777 միլիոն դրամի մաքսատուրքից։ Մեկ այլ որոշմամբ՝ կառավարությունը ներեց խորհրդային տարիներին բռնադատված մարդկանց եւ նրանց ժառանգների վարկային պարտավորությունները՝ մոտ 343 միլիոն դրամի չափով։

Նույն այս ժամին կառավարության շենքի առաջ ցույց էին անում շարժական սրճարանների աշխատակիցները, շրջիկ կետերի լույսը կտրել են, նրանք էլ պահանջում էին վերականգնել լույսը եւ չզրկել աշխատանքից մինչեւ օրենքով կկարգավորվի ոլորտը։

Այսօր գեներալ Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով առաջին դռնբաց դատական նիստն էր։ Մանվել Գրիգորյանը բացակա էր, նա բուժում է ստանում «Նաիրի» ԲԿ–ում, փաստաբանները միջնորդեցին, որ արտագնա նիստ արվի հիվանդանոցում, դատավորը մերժեց։ Մերժվեց նաեւ Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։ Նիստից հետո Նազիկ Ամիրյանը մեկնաբանեց ամուսնու բացակայությունը, ասաց՝ հերոսը չի սողում, ու եթե իրենց թվում է պետք է չորեքթաթ գար, ուրեմն ավելի լավ կլիներ՝ իրենք գնային։ Իսկ իրենց առաջադրված մեղադրանքներրը համարեց շոու։

Ըստ մամուլի՝ Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք է տվել նաեւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրանք առերեսվել են, ընդ որում՝ Թորոսյանը պնդել է, թե Սանասարյանն իրեն ասել է, որ տեղյակ է եղել ՊՎԾ աշխատակիցների գործողություններից։ Սանասարյանը, սակայն, հերքող ապացույց է ներկայացրել Թորոսյանի հետ անձնական նամակագրությունից։ Այսօր լրագրողները փորձեցին ճշտել՝ արդյոք նման բան է եղել։ Թորոսյանը չապատասխանեց։

Արգիշտի Քյարամյանը, որ ՊՎԾ պետի պաշտոնակատարն է, մամուլի ուշադրությունը գրավել է նաեւ կնոջ հարստության պատճառով։ Իր գումարների ծագումը նա բացատրել էր քեռու նվիրատվություններով, իսկ կինը, այսօր պարզվեց, 26 մլն դրամ և 46 հազար դոլար ունեցել է, երբ դեռ նրա կինը չէր։

Գագիկ Ծառուկյանի մանդատի իրավունքը վիճարկում է Քաղաքացու որոշում կուսակցությունը, համարում են, որ նա գործարար է եւ օրենք խախտելով է խորհրդարանում հայտնվել։ Դիմում են գրել Ազգային ժողովի նախագահին, «Իմ քայլն» էլ արդեն երկու փակ նիստ է արել՝ այլ հարցերի հետ հիշելով նաեւ Ծառուկյանի մանդատը։ Սպասվում է նաեւ այս հարցով խորհրդարանի խոսնակի՝ Արարատ Միրզոյանի հայտարարությունը։ Մինչ այս, այսօր, պարզվեց, որ այդ դիմումը արդեն ՀՔԾ-ում է։

Մարտի 1-ի գործի քննությունը շարունակվում է, հայտարարեց գլխավոր դատախազը, հետեւաբար կարող են ի հայտ գալ նոր անձինք եւ նոր որոշումներ: Սպանվածների վերաբերյալ, ասաց, նոր տվյալներ կան, բայց դրանք առայժմ բավարար չեն մեղադրանք առաջադրելու համար: Իսկ թե ինչու էր նախկին իշխանության օրոք, երբ Դավթյանը նույն պաշտոնին էր, քննությունը դոփում տեղում, Արթուր Դավթյանն ասաց՝ մարդիկ, որ առաջ լռում էին, սկսել են խոսել։

Երեկվանից տեսանյութը, որտեղ Մեդվեդեւը հեգնում է Փաշինյանին՝ լեզվական սխալի համար, բուռն քննարկվեց սոցցանցերում, այնքան՝ որ միացան բարձրաստիճան պաշտոնյաները, ընդհուպ վարչապետը։ Նախ Ազգային ժողովի նախագահը Փաշինյանի լռությունը մեկնաբանեց որպես իսկական դուխի դրսեւորում, Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց՝ «Դուխը հենց այն է, որ դու քեզ տիրապետում ես, նույնիսկ երբ դիմացինդ անտակտ կատակ է անում՝ փորձելով ավելի լավը թվալ»։ Փաշինյանը շատ ավելի կենցաղային պատճառ նշեց՝ ընդամենը սուրճ խմելու անհամբերություն․ նա ֆեյսբուքյան գրառում արեց՝ «ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ոչ միայն ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, այլեւ մենք բոլորս հույս ունեինք, որ րոպե առաջ перейдем սուրճի սենյակ, որովհետեւ բոլորս ահավոր հոգնել էինք ու սուրճ էինք ուզում։ Իսկ նախորդ օրվա մեր շփումը բոլոր հիմքերը տվել էր ոչ աշխատանքային հատվածին անհամբեր սպասելու։ Էս ամենը պիտի ասվի՞, չեմ հասկանում»,- զարմացել էր Փաշինյանը։

Մայիսի 3-ի գիշերը եւ օրվա երկրորդ կեսին Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում են կարճաժամկետ անձրեւներ եւ ամպրոպ: Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Երեւանում գիշերը եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճաժամկետ անձրեւներ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +23+25:

Դոլարի փոխարժեքը կայուն է, այսօր կազմել է 480 դրամ, եվրոն 538 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 627, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 36 դրամ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ