ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Իսակովի պողոտայում գտվող առանձնատան ու հարակից երկու հողակտորների վրա կալանք է դրված։ Այս մասին այսօր՝ մայիսի 3–ին լրագրողների հետ զրույցում հայտարարարեց Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը։

Փաստաբանի խոսքով՝ վարույթն իրականացնող մարմինն ունի գույքը գնահատելու պարտականություն, ինչը, սակայն, Քոչարյանի գույքի հետ կապված չի արվել։ 

«Իրենք չեն գնահատել, դրա համար ես բոլոր այդ պատճառաբանությունները համարում եմ ձևական։ Եթե իրենք իրոք նպատակ ունեին քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված նպատակին ծառայեցնեl իրենց գործողությունները, գույքը պարտադիր պետք է գնահատվեր»,–ասաց նա՝ ընդգծելով, որ Քոչարյանի գույքի վրա չէր կարող կալանք դրվել։

Նշենք, որ գույքի վրա արգելանք դնելու որոշում կայացվել է հուլիսի 30-ին՝ Քոչարյանին մեղադրանք առաջադրելուց 4 օր անց։

Փաստաբանը նշեց, որ իրենք դատարանին չեն խնդրել պարտավորեցնել որոշակի գործողություններ կատարել կամ որոշել` կալանքը մնա, թե՝ ոչ. «Մենք խնդրել ենք դատարանին՝ ոչ իրավաչափ ճանաչել նախաքննության փուլում քննիչի, դատախազի գործողությունները»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ կայացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով դատական նիստը:

Ավելի վաղ արգելանք էր դրված նաև Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա, որը, սակայն, Մարդու իրավունքների պաշտպանի պահանջով հանվել էր:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործով մեղադրվում է այլ անձանց հետ հանցակցությամբ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը։