«Իմ քայլը» խմբակցությունում դեռ չենք հասցրել քննարկել Գագիկ Ծառուկյանի պատասխանը՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ հավելելով, որ առաջիկայում նախատեսվում է հանդիպում խմբակցությունում, որի ժամանակ կքննարկեն նաեւ այդ հարցը:
«Իմ կարծիքով, քանի որ սկսվել է իրավական գործընթաց, ճիշտ կլինի սպասել իրավական մարմինների եզրակացությանը: Մի կողմից մենք արձանագրում ենք, որ իրավական հարթակում կարծես, որեւէ խնդիր չի առաջացել՝ հաշվի առնելով նաեւ ԿԸՀ-ի կողմից փաստաթղթեր ու հայտեր ընդունելը: Մյուս կողմից գործ ունենք ենթադրյալ փաստացի իրավիճակի հետ»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենք այս պահին չգիտեն, թե ինչ խզում կա փաստացի վիճակի եւ փաստաթղթերով ներկայացվողի միջեւ:
Անդրադառնալով «Քաղաքացու որոշում» կուսակցություն՝ ԱԺ խմբակցություններին ուղղված առաջարկին՝ ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը կանդրադառնա Գագիկ Ծառուկյանի պատգամավորական էթիկայի խախտումներին, Մակունցն ասաց. «ԱԺ Էթիկայի հանձնաժողովը փաստացի ձեւավորվում է քաղաքական որոշումներով. «Սա շատ վատ նախադեպ ունեցող սկիզբ կարող է լինել, որովհետեւ եթե մենք ստեղծում ենք էթիկայի հանձնաժողով քաղաքական որոշման վրա, դա կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հետապնդում: Եթե մենք չենք ստեղծում էթիկայի հանձնաժողով դարձյալ քաղաքական որոշման հիման վրա, կարող է մեկնաբանվել, որ ձեռք ենք բերել քաղաքական պայմանավորվածություն: Այսինքն երկկողմանի սխալ իրավիճակ է: Այստեղ լավագույն լուծումը իրավապահ մարմինների եզրակացության սպասելն է»:
Մակունցը նշեց, որ իրենք որպես պատգամավորներ խնդիր ունեն լրացնելու օրենքի բացերը, որոնք կարող են մեկնաբանությունների տեղիք տալ. «Մենք պետք է օրենսդրական փոփոխությունների միջոցով ունենանք կայուն, ստատիկ էթիկայի հանձնաժողով, որը նմանատիպ դեպքերում հարցերը ավտոմատ կտեղափոխվեն էթիկայի հանձնաժողով, առանց քաղաքական որոշումների»:
Մակունցը նշեց, որ իր ասածից չի բխում, որ ի վերջո, չի ստեղծվի էթիկայի հանձնաժողով այդ հարցը քննարկելու համար:
Հարցին, թե կաշկանդվածություն կա՞ էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցում, նա պատասխանեց. «Այն իրավիճակը, որ կա, բավական մեծ ճնշում է պատգամավորների վրա եւ չի թողնում նրանց իրավական դիրքերից գործունեություն ծավալել»:
Անդրադառնալով ԱԺ-ի ամբիոնից հնչած հայտարարություններին, իշխանության եւ բիզնեսի սերտաճման հետ կապված մեղադրանքներին, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն ընդգծեց. «Երբ մենք խոսում ենք օլիգարխիայի մասին, պիտի հստակ սահմանենք, թե ինչ է նշանակում «օլիգարխիա», նշանակում է իշխանության եւ բիզնեսի սերտաճում: Այսինքն կառավարող ուժը, որը կա ՀՀ-ում, այդտեղ օլիգարխիա չկա, սա խնդրում եմ արձանագրենք, որ ՀՀ-ում չկա իշխանության եւ բիզնեսի սերտաճում: Ինչ վերաբերում է բիզնես-շահեր հետապնդելուն եւ օրենսդրական գործունեություն ծավալելուն, օրենքը հստակ ասում է` ինչ պետք է լինի: Հայտարարությունները, որ հնչել են ԱԺ ամբիոնից, մտահոգություն են առաջացրել մեզ մոտ, որ եթե դա իրականությանը չի համապատասխանում, ապա նման հայտարարություն չպետք է արվի: Եթե արվում է, ողջամիտ կասկածների տեղիք է տալիս: Ես շատ որախ եմ, որ այս պահին հարցի քննությունը գտնվում է իրավական դաշտում, կարեւոր է իմանալ, թե ինչ եզրակացություն է լինելու, առաջարկում եմ սպասել»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքաու որոշում» կուսակցությունը դիմել էր ԱԺ նախագահին եւ գլխավոր դատախազին՝ առաջարկելով քննարկել Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը: Սրա արձագանքել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ հրապարակավ պարզաբանումներ պահանջելով Գագիկ Ծառուկյանից: Վերջինս էլ այսօր արձագանքել է ԱԺ նախագահի հայտարարությանը:
- Դուք առնվազն պետք է սպառիչ հրապարակային պարզաբանումներ ներկայացնեք խնդրի վերաբերյալ․ ԱԺ նախագահի գրությունը Ծառուկյանին
- Անհամաձայնությունս եմ հայտնում Ձեր գնահատականներին. Գագիկ Ծառուկյանը պատասխանել է Արարատ Միրզոյանին











