News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Նախ՝ ձեր խոստումները կատարեք․ Նիկոլ Փաշինյանը խոստում է տվել, ասել է՝ ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ, հիմա ինչո՞ւ չեք կատարում տված խոստումները: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում Կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագծի քննարկմանն ասաց Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Ապակենտրոնացման հետ կապված ելույթ լսեցի, որ «Իմ քայլ»-ի խոստումներն իրականացվում են եւ ապակենտրոնացում է տեղի ունենում, մինչդեռ մենք էստեղ խոսում ենք սուպերնախարարությունների մասին։ Ես զարմանում եմ, սիրելի գործընկեր, որ նման բան եք ասում, տեղի է ունենում կենտրոնացում, ապակենտրոնացում տեղի չի ունենում»,-ասաց նա։

Մարուքյանը շարունակեց, թե մյուս «սիրելի գործընկերն» ասում է՝ էլի ԱԱԾ-ի ու ոստիկանության չարչրկված հարցն են քննարկելու։ «Չէինք ուզում ընդհանրապես անդրադառնալ ԱԱԾ-ին ու ոստիկանությանը, ուզում էինք խոսել գյուղատնտեսության եւ մշակույթի նախարարությունները փակելու մասին, բայց ձեր ելույթից հիշեցի հեղափոխության առաջնորդի մայիսյան թեզիսները,  որ պետք է ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը դառնան նախարարություններ: Հիմա այստեղ ձեր կողմից դավաճանվում են մայիսյան թեզիսները»,-ասաց նա:

Մարուքյանն անդրադարձավ նաեւ գյուղնախարարության ու մշակույթի նախարարությանը. «Մենք գտնում ենք, որ երկիրը գյուղնախարարություն պետք է ունենա, որը ՀՆԱ 16 տոկոսն է գեներացնում: Մշակույթի մասին էլ չեմ խոսում»:

Մարուքյանն իշխող ուժի պատգամավորների ելույթներից տպավորություն էր ստացել, որ վերջիններս Սերժ Սարգսյանի վերադարձի մտավախություն ունեն. «Ձեր ելույթներից տպավորություն ստացա, որ դուք մտավախություն ունեք, որ Սերժ Սարգսյանը, հնարավոր է, դառնա ԱԱԾ պետ, հետո ԱԱԾ-ն վերամիավորի ոստիկանության հետ, հետո դառնա պաշտպանության նախարար, հետո վարչապետ, հետո նախագահ, հետո վարչապետ։ Էս ինչի՞ մասին են էս քննարկումները, ախր էդ վտանգները հիմա ձեզ է սպառնում, Սերժ Սարգսյանն անվերադարձ գնացել է, դա ինչ ասելու բան է»,-ասաց Մարուքյանը։

Նա դիմեց իշխող ուժին՝ նշելով. «Նախ՝ ձեր խոստումները կատարեք․ Նիկոլ Փաշինյանը խոստում է տվել, ասել է՝ ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ, հիմա ինչո՞ւ չեք կատարում տված այդ խոստումը:

Կամ հենց Դավիթ Սանասարյանի վրա գործ հարուցին, ձեր մի հատվածը՝ թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական, թե մեր քաղհասարակության, սկսեցին պնդել՝ գործը ԱԱԾ-ի քննչականից տվեք ՀՔԾ-ի քննչականին: Բա որ մենք ասում էինք՝ ԱԱԾ-ն քննչական մարմին չպետք է ունենա, պետք է միանա քննչական ընդհանուր մարմին, ինչի՞ ոչ մեկը բան չէր անում: Թե՞ սպասում էիք, որ ձեր հորեղբոր տղու վրա գործ հարուցեն, նոր հիշեք, որ տենց բան կա: Վարչապետը ոնց էր ասել, ախպերությունը տեղ չունի, բա էս ի՞նչ ախպերություն է»,-ասաց նա եւ նշեց, որ ԱԱԾ-ն պետք է չունենա քննչական մարմին եւ լինի ԱԺ վերահսկողության ներքո, այլ կոսմետիկ առաջարկներ չեն համարելու լուծում։

Մարուքյանը հայտարարեց, որ իրենք դեմ են կառավարության առաջարկվող կառուցվածքին. «Մենք կարծում ենք, որ կառավարության այս կառուցվածքը վատ հետեւանքներ է ունենալու, եւ հետեւանքները օր օրի դուրս են գցելու»:

Տպել
Ամենաշատ