News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ռադիոյի օրվա առթիվ այցելել է Հայաստանի Հանրային ռադիո:

Որպես խորհրդանշական քայլ՝ վարչապետը նախ իր մասնակցությունն է բերել 2018 թ. ապրիլի 14-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ կոտրված դռան վերականգնման շինաշխատանքներին:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը Հանրային ռադիոյի ուղիղ եթերում Ռադիոյի օրվա առթիվ շնորհավորանքի խոսք է ուղղել, որում, մասնավորապես, նշել է.

«Թույլ տվել շնորհավորել Հայաստանի Հանրային ռադիոյի բոլոր աշխատակիցներին և ռադիոլսողներին՝ Ռադիոյի օրվա կապակցությամբ և Հայաստանի բոլոր ռադիոաշխատողներին, որովհետև հիմա մեր երկրում բազմաթիվ ռադիոկայաններ կան, մաղթել նրանց հաջողություններ և հույս ունենալ, որ լրատվական այս նոր իրավիճակում ռադիոն ամուր կպահպանի իր դիրքերը կամ, ավելի ճիշտ, նոր դիրքեր կնվաճի:

Ցանկանում եմ ասել, որ պատգամավոր եղած տարիներին Հանրային ռադիոյի ակտիվ ունկնդիր եմ եղել, և ինձ շատ դուր են գալիս հատկապես ռադիոյի «Ոսկե ֆոնդ»-ի հաղորդումները: Ես հույս ունեմ, որ այդ լավագույն ավանդույթները կշարունակվեն, և Հանրային ռադիոն իսկապես կդառնա մեր հանրային քաղաքական կյանքի նոր պայմաններին, ես նկատի ունեմ ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, մամուլի ազատությունը, համապատասխանող լրատվամիջոց»:

Եվ մի ցավալի արձանագրում եմ արել մեր ռադիոյի կապակցությամբ. Խորհրդային միության տարիներին Հայկական ռադիոն հայտնի էր իր անգերազանցելի հումորներով: Չգիտեմ ինչու, այդ ավանդույթը և այդ պատմությունը կամ ինչ-որ տեղ դանդաղել է կամ ինչ-որ տեղ կանգ է առել: Հույս ունեմ, որ Հանրային ռադիոյի այդ իմիջը նույնպես կվերականգնվի, և Հանրային ռադիոյի հումորները՝ հիմա արդեն միջազգային հարթակներում, նոր փառք ձեռք կբերեն՝ այդպիսով բարձրացնելով նաև Հայաստանի միջազգային հեղինակությունը և վարկանիշը:

Կրկին շնորհավորում եմ և շատ ուրախ եմ, որ այսպիսի պայմաններում եմ անցած տարվա ապրիլի 14-ից հետո այցելել Հայաստանի հանրային ռադիո: Մենք գտնվում ենք նույն ստուդիայում, ինչ այն ժամանակ ես ներխուժել էի: Ես այն ժամանակ, իհարկե, մի քանի անգամ ներողություն խնդրել եմ, բայց հիմա էլ ուզում եմ բոլոր այն ռադիոաշխատակիցներից, ովքեր այդ օրվա համար որևէ անհանգստություն են ունեցել, կրկին ներողություն խնդրել: Հույս ունեմ՝ մենք բոլորս արձանագրում ենք, որ դա քաղաքացիական քայլ էր, և ի վերջո, հույս ունեմ, որ կարճաժամկետ առումով արդարացրեց իրեն և երկարաժամկետ առումով նույնպես կարդարացնի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ