News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ապրիլի 25–ին կալանավայրից ազատ արձակված Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՊՎԾ ղեկավարի օգնական Սեդա Աղբալյանը:

Նման որոշում դեռևս ապրիլի 25–ին  կայացրել է Պետական վերահսկողական ծառայության ղեակվարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը՝ ղեկավարվելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ դատախազության 2019 թվականի ապրիլի 25-ի գրությունը։

Համաձայն՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի՝ դատախազն իրավունք ունի ժամանակավոր դադարեցնել հանրային ծառայության մեջ գտնվող մեղադրյալի պաշտոնավարությունը, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվի հանցավոր գործունեությամբ:

Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն՝  Սամվել Ադյանը ցուցմունք էր տվել Դավիթ Սանասարյանի դեմ և դրա դիմաց ազատ արձակվել կալանքից։

Ավելի վաղ NEWS.am–ը գրել էր, որ աշխատանքից ազատման դիմում է գրել Ադյանի ղեկավարած վարչության աշխատակից Գեւորգ Խաչատրյանն, որը նույնպես վերջերս է կալանքից ազատվել։

Հիշեցնենք, որ 2019 թ. փետրվարի 27-ին Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանին եւ նրա ղեկավարած վարչության աշխատակից Գեւորգ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելը)։ Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ «Զորաշեն» ՍՊԸ–ի հաշվապահ Տարոն Ավետիսյանին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու եւ փաստաթղթեր կեղծելու համար։ Երեքի նկատմամբ էլ դատարանը, որպես խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։ Ավելի ուշ Գևորգ Խաչատրյանի և Տարոն Ավետիսյանին նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ:

Նույն գործի շրջանակում ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Հիշեցնենք, որ Սամվել Ադյանը կալանքից ազատվել էր, քանի որ դատարանը չէր բավարարել նրա կալանքի ժամկետը երկարաձգելու ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Դատարանի այս որոշումը բողոքարկել է թե ԱԱԾ-ն, և թե գլխավոր դատախազությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ