News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանում երկու խոշոր բժշկական կենտրոնները պետք է մնան պետության հաշվեկշռում: Մայիսի 8-ին ԱԺ նիստում «2017-2020 թվականների պետական գույքի սեփականաշնորհման ծրագրում» փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոքսքով՝ օրինագծի համաձայն՝ նշված բուժհաստատությունները պետք է հանվեն այն բժշկական կենտրոնների ցուցակից, որոնք կարող են սեփականաշնորհվել: «Խոսքը Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի եւ Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի մասին է»,- պարզաբանեց Թորոսյանը:

Առողջապահության նախարարը շեշտեց, որ այս կենտրոնները չպետք է սեփականաշնորհվեն եւ փոխանցվեն մասնավոր անձանց ու ընկերությունների, քանի որ հաշվի առնելով դրանց գործունեության առանձնահատկությունը՝ պետության, մասնավորապես Առողջապահության նախարարության համար հատուկ կարեւորություն ունեն:

Թորոսյանը դրական գնահատեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ֆինանսական վիճակը, որը հաջողությամբ համագործակցում է մասնավոր հատվածի հետ եւ մատուցում ոչ միայն անվճար, այլեւ վճարովի ծառայություններ: Նա ուշադրություն դարձրեց նաեւ ուռուցքային հիվանդությունների բուժման համար բյուջետային մուտքերի մեծացման վրա:

Ինչ վերաբերում է Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնին, ապա, նախարարի խոսքով, չնայած իր եզակիությանը, այն բավականին խոշոր պարտքեր ունի: Արսեն Թորոսյանը նշեց, որ այս կենտրոնը փաստացի վճարովի ծառայություններ չի մատուցում, սակայն ապագայում նախատեսում են այս հարցը լուծել: Նախարարը նաեւ հայտնեց, որ առաջիկա 2 տարիներին նախատեսում են Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի պարտքերը զրոյացնել:

Ինչ վերաբերում է առողջապահության մնացյալ 9 հաստատություններին, որոնք ներառվել են «2017-2020 թվականների պետական գույքի սեփականաշնորհման ծրագրում», ապա դրանց մի մասը լուծարվել է, իսկ մնացյալը մինչ օրս այդպես էլ չեն սեփականաշնորհվել: Սրա հետ կապված նա հույս հայտնեց, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն կակտիվացնի ներդրողների որոնման աշխատանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ