
Facebook Inc-ի համահիմնադիր եւ Մարկ Ցուկերբերգի նախկին հարեւան Քրիս Հյուզը New York Times-ում տպագրված հոդվածում սոցցանցի կազմացրման կոչ է արել:
«Մենք մենաշնորհների սանձման ավանդույթ ունեցող ազգ ենք՝ անկախ նրանից, թե որքան բարեմիտ կարող են լինել այդ ընկերությունների առաջնորդները: Մարկի իշխանությունն անննախադեպ է եւ ոչ ամերիկյան», - կարծում է Հյուզը:
Facebook-ը խոշորագույն սոցցանցի է տիրապետում, որն ամբողջ աշխարհով ավելի քան 2 մլրդ օգտատեր ունի: Նրան են պատկանում նաեւ WhatsApp-ը, Messenger-ը եւ Instagram-ը, որոնցից յուրաքանչյուրն ավելի քան 1 մլրդ օգտատեր ունի:
Հյուզը Facebook-ի համահիմնադիր է դարձել 2004-ին Հարվարդում ընկերության գլխավոր տնօրեն Ցուկերբերգի եւ Դաստին Մոսկովիչի հետ: Նա Facebook-ից հեռացել է 2007-ին՝ ավելի ուշ հայտարարելով, որ 3 տարում կես մլրդ դոլար է աշխատել:
«15 տարի է անցել այն ժամանակվանից, երբ ես Հարվարդում դարձել էի Facebook-ի համահիմնադիր, ես արդեն 10 տարի չեմ աշխատում ընեկերությունում: Բայց ես զայրույթ եւ պատասխանատվություն եմ զգում», - գրում է Հյուզը, որը 2008 թվականին Բարաք Օբամայի նախընտրական քարոզարշավի ժամանակ օնլայն ստրատեգ է եղել:
Բազմաթիվ սկանդալներից մեկը, որը կապված է անվտանգության եւ գաղտնիության հետ, 87 մլն օգտատերերի տվյալների արտահոսք էր, որից օգտվել էր արդեն գոյություն չունեցող բրիտանական Cambridge Analytica քաղաքական խորհրդատվական ընկերությունը:
Հյուզը գրում է, որ վերջին անգամ Ցուկերբերգի հետ հանդիպել է 2017-ի ամռանը՝ Cambridge Analytica-ի հետ կապված սկանդալից մի քանի ամիս առաջ:
«Մարկը լավ, բարի մարդ է: Բայց ես բարկացած եմ, որ աճի համար նրա ուշադրությունը հանգեցրել է նրան, որ նա հանուն քլիքների զոհաբերել է անվտանգությունը եւ կոռեկտությունը: Եվ ես անհագստանում եմ, որ Մարկն իրեն շրջապատել է մի թիմով, որը ամրապնդում է իր համոզմունքները, այլ ոչ թե մարտահրավեր նետում դրանց»:
Հյուզը միակը չէ, ով պահանջում է կազմացրել Facebook-ը: Որոշ օրենսդիրներ գաղտնիության դաշնային կարգավորման եւ հակամենաշնորհային գործողությունների կոչ են արել՝ խոշոր տեխնոլոգիական ընկերություններին «մասնատելու» համար: