
ԱՄՆ-ում դատախազությունը համակարգչային համակարգերի կոտրման մեղադրանք է ներկայացրել Չինաստանի քաղաքացու, որը գործել է հաքերային խմբավորման կազմում, տեղեկացնում է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով ԱՄՆ արդարադատության նախարարությանը։
Մեղադրյալը 32-ամյա Վան Ֆուցզեն է եւ նրա մի քանի հանցակիցները։ Քննության տվյալների համաձայն՝ հաքերները կոտրել են ամերիկյան ապահովագրական ընկերության, Anthem Inc-ի, եւ երեք այլ ընկերության համակարգերը, որոնց անվանումները չեն նշվում։ Օգտագործելով «համակարգչային համակարգերի կոտրման բարդ մեթոդներ»՝ հաքերները 2014-ի փետրվարից աշխատել են նրանց տվյալները ձեռք բերելու ուղղությամբ։ Չարագործները ֆիշինգային նամակներ են ուղարկել հիպերհղումներով, եւ համակարգչային զոհերի համակարգիչներում վնասակար ծրագրային ապահովում է ներդրվել։ 2015-ի հունվարին նրանց հաջողվել է կոտրել Anthem-ի տվյալների շտեմարանը։
Նրանք միայն Anthem-ից 78 մլն անձնական տվյալներ են հափշտակել։ Նրանց հասանելի են եղել անունները, ինքնանույնականացման համարները, ծննդյան թվերը, սոցապահովագրության համարները, հասցեները, հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեները, եկամուտների մասին տվյալները։
«Քանի որ տուժած ընկերություններն անհապաղ տեղեկացրել են ՀԴԲ-ին կիբեռակտիվության մասին, մենք կարողացանք հաջողությամբ հետաքննել եւ պարզել կատարողներին։ ՀԴԲ-ն փորձում է հետաքննել կիբեռգրոհները, որոնք սպառնալիքի տակ են դնում ամերիկյան արդյունաբերությունն ու ամերիկացի ժողովրդին։ Մենք այսուհետ եւս կաշխատենք այդ ընկերությունների հետ, որպեսզի ապահովվի արդարությունը»,- ասել է ՀԴԲ տնօրենի օգնական Մեթ Գորհամը։
Մարտի սկզբին WSJ-ը տեղեկացրել է չինացի հաքերների մասշտաբային կիբեռգրոհի մասին, որը վնասել է ԱՄՆ, Կանադայի եւ Հարավարեւելյան Ասիայի 27 համալսարան։ Գրոհներն սկսվել են 2017-ի ապրիլից, դրանց նպատակն էր սուզանավերից անօդաչու սարքերի արձակման մասին տեխնոլոգիաների տվյալների հափշտակումը, ինչպես նաեւ Պենտագոնի ծրագրի մասին տեղեկություններ կորզելը, որի կոդային անվանումն է «Ծովային վիշապ»։